Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հակամարտության երրորդ կողմի՝ Արցախի վտարանդի վարչակազմի, և միջազգային հանրության, հակամարտությունը կարգավորված չէ․ Ստեփան Հասան-Ջալալյան

Օգոստոս 09,2025 13:44

Օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման սուլթան Իլհամի, Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած եռակողմ հռչակագրում որևէ բառ չկա Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված, իր նախնիների բնօրրանից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախահայության վերադարձի, Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը Ադրբեջանի կողմից դեօկուպացիայի ենթարկելու մասին:

Փոխարենը, մասնավորապես, արձանագրված է՝

  • «Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցության» և
  • «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրման» մասին:

Պետք է նշել, որ հիշյալ երկու արձանագրումներն էլ աներկբա կերպով հակասում են Հայաստանի ազգային, պետական շահերին:

Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, այդ թվում և հատկապես Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում, 1919 թվականից սկսած մինչ օրս ձեռնարկվել է փաստաթղթային ձևակերպում ստացած թվով 14 փորձ:

Բոլոր փորձերն անխտիր մշտապես խախտել է Ադրբեջանը: Հետևաբար, հարց. ի՞նչ երաշխիք կա, որ այս փորձը ևս չի խախտի Ադրբեջանը:

Հարկ է, ընդգծել նաև, որ չնայած Ադրբեջան-Արցախ հակամարտության կողմերից երկուսի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործող վարչակազմերի, հակամարտությունը կարգավորված է, սակայն ըստ հակամարտության երրորդ կողմի՝ Արցախի վտարանդի վարչակազմի, և միջազգային հանրության, հակամարտությունը կարգավորված չէ:

Հետևաբար, ի հեճուկս օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերն անտեսող փաստաթղթերի ստորագրմանը, մենք կարող ենք և պետք է վերականգնենք հայկական զույգ պետությունների տարածքային ամբողջականությունը մինչև վերջին միլիմետրը: Մենք կարող ենք և պետք է հետ բերենք կորցրածը ու դեռ ավելին:

 

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031