Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագիծն անում ենք, որ ավելի շատ ՀՀ քաղաքացիներ առանց մտավախության օգտվեն Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներից և ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիներ առանց մտավախությունների օգտվեն ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքներից»․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 09,2025 13:51

«Գործնականում չենք կարող նկարագրել բոլոր այն տեսական իրադրությունները, որոնք կարող են պրակտիկայում լինել, եթե պատասխանեմ՝ ինչ կլինի արտակարգ դրության ժամանակ, հետո կարող է հնչել հարց՝ իսկ անտառային հրդեհի՞, հորդառատ անձրևի՞ և այլն։ Սրա համար եմ գրոտեսկի վերածում։ Դրա համար ենք ասում, որ համառոտ բան պետք է նկարագրել, որից բխեն բոլոր իրավիճակների պատասխանները։ Ունենք այս համառոտ արձանագրումները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն, ուժի կիրառման անթույլատրելիություն և այլն»,- Սպիտակ տան հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին՝ եթե որևէ իրավիճակում անհրաժեշտություն առաջանա ՀՀ ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարել, դա տարածվելո՞ւ է կապուղիների վրա, այդ սահմանափակումներն արդյոք օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժի վրա տարածվելո՞ւ են, կարո՞ղ է իրականացվել անձը հաստատող փաստաթղթի ստուգում, անձնական առարկաների զննում ՀՀ-ի օրենսդրությունից բխող, հարցը գրոտեսկի վերածելով` այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ պրակտիկայում՝ չգիտենք՝ ինչպիսին կլինեն իրավիճակները․ «Մենք գիտենք՝ ինչ էլ տեղի ունենա, գիտենք՝ ինչ շրջանակում պետք է տեղի ունենա։ Մենք այս պայմաններում ոչ թե պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորին քիչ մարդ, քիչ բեռ անցնի, կամ եթե հնարավոր է՝ չանցնի, այլ ընդհակառակը, այս նախագծի իմաստն այն է, որ մեր երկրներում և մեր երկրով անցնեն հնարավորինս շատ մարդիկ, բեռներ, հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ, քանի որ դրանք հնարավորինս շատ եկամուտներ են պետբյուջեի համար, հնարավորինս շատ աշխատատեղեր են, ավելի շատ զարգացում է։ Դա ավելի մեծ ներդրումային հետաքրքրություն և միջավայր է։ Անվտանգային, խաղաղության առումով այս նախագիծն անում ենք, որ ավելի շատ ՀՀ քաղաքացիներ առանց մտավախության օգտվեն Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներից և ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիներ առանց մտավախությունների օգտվեն ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքներից։

Շատ խոսում են անվտանգության, կայունության, խաղաղության, խաղաղության երաշխիքների մասին։ Եթե տասնյակ հազարավոր օրինակ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի երկկողմ առևտուր, դրանում ներգրավված լինեն տասնյակ հազարավոր քաղաքացիների, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը։ Կարևոր գործոն կլինի կայունություն ապահովելու համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031