Հայկական հարցերի համանախագահ, ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Սպիտակ Տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ․
«Ես ոգևորված եմ՝ տեսնելով, որ Միացյալ Նահանգները ավելի ուղղակիորեն է ներգրավված Ադրբեջանի և Հայաստանի մերձեցման ջանքերում։ Չնայած Հայաստանի հարավային շրջանով անցնող տրանսպորտային միջանցքի գոյությունը խնդիրներ է առաջացնում, ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի ուղղակի ներգրավվածությունը կհանգեցնի արդար, երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակման ավարտին։
Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի հստակ վերահսկման մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, եթե Ադրբեջանը խախտի պայմանները։ Այս առումով սխալ է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է կիրառել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը։ Չկա որևէ պատճառ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու համար»։
«Բացի այդ, պետք է շատ ավելին անել՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա ազատ արձակի ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին, որոնց շարունակում է պահել Բաքվում, և դուրս բերի իր զորքերը հայկական տարածքից։ ԱՄՆ-ն ունի բարոյական պարտավորություն ապահովելու անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձ տեղահանված հայերի դեպի իրենց պատմական հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»։