ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ. Զախարովայի մեկնաբանությունը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների Վաշինգտոնում (ԱՄՆ) բանակցությունների կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորման գործում։ Ամենակարևոր պայմաններից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ նորմալացումն է, որը պետք է հիմնված լինի երկու երկրների ժողովուրդների շահերի հաշվառման վրա։ Հետևողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են այս տարածաշրջանային անվտանգության համար կարևորագույն նպատակի իրականացմանը։ Այդ համատեքստում դրական ենք գնահատում ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հանդիպումը։ Հուսով ենք, որ այս քայլը կօգնի խաղաղ օրակարգի առաջխաղացմանը։ Միաժամանակ մինչև վերջին ժամանակներ Բաքուն և Երևանը պնդում էին, որ նախընտրում են երկխոսություն վարել ուղիղ՝ առանց արտաքին օգնության։
Հարկ է հիշեցնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ներկա փուլը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերակատարությամբ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարության ընդունմամբ, որով դադարեցվեցին կրակոցները և բոլոր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբ, որն անփոխարինելի ներդրում ունեցավ իրավիճակի կայունացման գործում։ Միշտ կհիշենք մեր խաղաղապահներին, որոնք զոհվել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս։
2020-2022 թվականներին նույն եռակողմ ձևաչափով մշակվեց «ճանապարհային քարտեզ»՝ Բաքվի և Երևանի հաշտեցման բոլոր հիմնական ուղղություններով․ խաղաղության պայմանագրի մշակումը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակությունների միջև կապերի զարգացումը։ Յուրաքանչյուր ուղղությամբ զգալի աշխատանք է տարվել։
Կարդացեք նաև
Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը տարածաշրջանի երկրների կողմից սեփական լուծումների որոնումն ու իրագործումն է՝ անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ։ Տարածաշրջանից դուրս գտնվող դերակատարների ներգրավվածությունը պետք է ծառայի խաղաղ օրակարգի ամրապնդմանը և չստեղծի լրացուցիչ դժվարություններ ու բաժանարար գծեր։ Ցանկալի է խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի միջնորդության տխուր փորձից։ Հարավային Կովկասի օրինակներից է՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որի գործունեությունը մշտապես առաջացնում է այլ տարածաշրջանայինների դժգոհությունը։
Լրացուցիչ կվերլուծենք Վաշինգտոնյան հայտարարությունները, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Այս ոլորտում շարունակում են արդիական մնալ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել։ Կարևոր է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին, մասնավորապես՝ հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման հարցում։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ Հայաստանի և Իրանի սահմանը հսկվում է ռուս սահմանապահների կողմից՝ 1992թ․ սեպտեմբերի 30-ի միջպետական պայմանագրի համաձայն։
Ամենակարևոր նշանակությունը երկու հարավկովկասյան հանրապետությունների միջև խաղաղության հաստատման գործում կունենա խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը։ Երկու երկրների հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում և հիմնված լինի շահերի հավասարակշռության վրա՝ առանցքային դեր հատկացնելով կողմերի և հարևան պետությունների առաջնահերթություններին անշեղ հարգելու վրա։