Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին որեւէ ձեւով չի դիմել Թրամփին, որպեսզի նա` որպես միջնորդ, կարողանար այդ հարցը կարգավորել»

Օգոստոս 11,2025 17:17

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Հայելի» ակումբում խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի, Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ հռչակագրի ստորագրման մասին՝ ասաց. «Առաջին հերթին պետք է ասել, որ պետության ղեկավար կոչված անձն ամբողջովին տրվեց այսպես կոչված «խաղաղություն» ձեռք բերելու սեփական քմահաճույքներին:

Եվ այդ պարագայում ինքը «մոռացավ» մի քանի հարց, ավելի ճիշտ, դիտավորյալ արեց: Եթե հիշում եք, երբ հարց տվեցին, թե ինչպես է լուծվելու արցախահայության խնդիրը, պարոնն այնպես այլայլվեց, որ արդեն պարզ էր, որ նա չէր նախատեսում, որ այդպիսի հարց պետք է հնչի:

Արցախ բառն իր մոտ արդեն առաջացնում է ալերգիա, ինքը դրանից ամբողջովին այլայլվում է: Իր գլխավոր հարցերից մեկը այն է, որ 120 հազար մեր հայրենակիցները սրանց պատճառով զրկվում են ընդհանրապես Արցախ, իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից: Սա ամենամեծ ողբերգությունն ու խայտառակությունն է: Ուստի պայքարը ավարտված չի: Ես համոզված եմ, որ արցախահայությունը, մենք, բոլորս, հայրենակիցներս պարտավոր ենք շարունակելու այդ պայքարը: Եվ պետք է ամեն գնով թույլ չտանք, որ ԵԱՀԿ-ն հրաժարվի իր մանդատից, որը դեռ լուծարված չէ:

Մենք արցախահայության կողմից հազարավոր ստորագրություններն արդեն պատրաստել ենք: Հիմա կմիանանք բոլորս, այլեւս չենք սպասի եւ այդ նամակը կուղարկենք ԵԱՀԿ կենտրոնական գրասենյակ՝ պահանջելով, որպեսզի նրանք շարունակեն իրենց մանդատի իրականացումը՝ կարգավորեն Արցախի հիմնահարցը: Թույլ տալ, որպեսզի ցեղասպան Ալիեւը հրճվի նրանից, որ Հայաստանն այլեւս որեւէ ձեւով չի անդրադառնում արցախահայությանը, անընդունելի է հայության համար:

Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել. Արցախի հիմնահարցը լուծված չէ, Արցախի հիմնահարցն անգամ այս ապաշնորհ ղեկավարությունը փակել չի կարող: Ամեն ինչ կախված է նրանից, թե հայությունը ինչպես է արձագանքելու այս ամենին:

Մենք շարունակելու ենք «Միասին» շարժումը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ սա որպես հիմնարար սկզբունք, միանշանակ շարունակելու է այս պայքարը: Եվ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում Արցախի հիմնահարցի փակումը մեր Հայաստան պետության համար, միանան եւ մենք կարողանանք այս հարցը շատ արագ կարգավորել:

Թրամփը խոսեց 23 քրիստոնյաների մասին: Եվ պարզվեց, որ այդ ցուցակում, եթե դա իրականում ցուցակ է, շատ անհայտ անձնավորություններ են, եւ ընդհանրապես չկան մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անունները: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նրանց մասին որեւէ ձեւով ընդհանրապես չի դիմել Թրամփին, որպեսզի նա որպես միջնորդ կարողանար այդ հարցը կարգավորել»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը եւ հիշեց դերասանուհի Բեատա Տիշկեւիչի դերակատարմամբ «Նապոլեոնը եւ Մարիցան» ֆիլմը, որտեղ մի դրվագում լեհերը համոզում էին, որ երբ Նապոլեոնը նրան տիրի, նա մեկ հարց տա. «Իսկ Լեհաստա՞նը». «Այսինքն, նա, տրվելով Նապոլեոնին, պետք է փորձեր փրկել Լեհաստանը: Հիմա, Նիկոլ, ամբողջովին տրվել էիր Թրամփին, չուզեցի՞ր ասել՝ բա մեր գերիների, բոլոր գերիների հարցը ինչպե՞ս պետք է լուծվի»: Չեք ուզո՞ւմ, վախենում ե՞ք»,-հարցրեց ՀԴԿ նախագահը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031