Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական անգամ փորձ է արվում Հայաստանում գրաքննության ինստիտուտ ներդնել»․ Բորիս Նավասարդյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների մասին

Օգոստոս 11,2025 18:16

«Հերթական անգամ փորձ է արվում Հայաստանում գրաքննության ինստիտուտ ներդնել։ Եթե խոսքը բռնության կոչերի, պետական հեղաշրջում կատարելու կոչերի եւ նման բաների մասին է, ապա դրանց վերաբերյալ մեր օրենսդրությունում կարգավորումներ կան, կան դատարանի միջոցով այդ կարգավորումներն իրականացնելու մեխանիզմներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը՝ հավելելով, որ եթե խոսք է գնում նաեւ այն մասին, որ ինչ-որ մեկը պետք է կարողանա արտադատական կարգով ազդել հեռարձակվող լրատվամիջոցներում նման բովանդակության վրա, այն արգելափակելու կամ պատժելու, ապա դրանում գրաքննության տարր կա, եւ դա անընդունելի է։

Բորիս Նավասարդյանը հիշեցնում է՝ չափող ընկերությունների ստեղծման եւ դրանք աշխատացնելու մեխանիզմների մասով ինքը նախագծի փոփոխությունների նախորդ փուլերում արդեն հայտնել էր իր կասկածը՝ ընտրված ձեւի մասին․ «Չափման ամբողջ համակարգը, որը ազդելու է նաեւ գովազդատուների վրա, ստեղծված էր միայն ինդուստրիալ կոմիտեի կողմից, որը նախատեսված է միայն հանրային մուլտիպլեքսում ներառված հեռարձակողների համար։ Այլ տիպի հեռարձակողների համար, այդ թվում նաեւ՝ հեռարձակողներ, որոնք ցանցային օպերատորների միջոցով են հասնում հասարակությանը, լսարանին, որեւէ նման առավելություն չունեն, եւ դա անհիմն հնարավորություն է տալիս հանրային մուլտիպլեքսում ներառված լրատվամիջոցներին, նաեւ՝ անհավասար հնարավորություններ ստեղծում։ Մենք շատ լավ գիտենք, որ կան գովազդատուներ, որոնք ասում են՝ բերեք չափումների արդյունքները, ըստ դրա կորոշենք՝ գովազդ տրամադրելու ենք, թե՝ ոչ։ Եվ եթե մեդիա դաշտում կլինեն խաղացողներ, որոնք կունենան նման տվյալներ, եւ կլինեն նրանք, ովքեր չունեն նման տվյալներ, քանի որ մեկ չափող ընկերություն պետք է լինի, այն էլ միայն հանրային մուլտիպլեքսի սլոթերում ներառված լրատվամիջոցների տվյալներն է տալու, առեւտրային տեսակետից ակնհայտորեն անհավասար պայմաններ են ստեղծվում»։

Հիշեցնենք՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել։ Նախագծով առաջարկվում է տեսալսողական հաղորդումներում արգելել

սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը,

բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը

ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը։

Այս սահմանափակումների տակ է ընկնում նաեւ պոռնկագրություն տարածելը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչեր տարածելը:

Ըստ նախագծի հիմնավորումների, այս փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020թ. հուլիսի 16-ին եւ դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել իրավական խնդիրներ, որոնք հիմք են տալիս վերանայելու առանձին կարգավորումները, ինչպես նաև նախատեսելու նոր կարգավորումներ՝ տեսալսողական մեդիա ոլորտում իրավական հստակություն և կանխատեսելիություն ապահովելու, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության նվազեցնելու, ՀՀ տեղեկատվական ինքնիշխանությունն ապահովելու նպատակով: «Տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող պետական մարմնին չի վերապահում այն անհրաժեշտ գործիքակազմը՝ ատելության խոսքի, «թշնամանքի լեզվի», խտրականության և քաղաքացու վարմունքի վրա ազդող մանիպուլյացիաների տարածման դեմ պայքարելու համար: Այսօր նաև կարգավորումից գրեթե դուրս են մնացել ՀՀ քաղաքացու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա բացասաբար ազդող տեսալսողական տեղեկատվական հոսքերը։ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի կարգավորումը՝ տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքի վերաբերող դրույթներում որոշակիություն մտցնելու նպատակով։ Այս ձևակերպմամբ նախատեսվում է նաև, որ կարգավորող մարմնի համար ստեղծվում է հստակ իրավական հիմք՝ օրինախախտումների ճանաչման և գնահատման գործընթացում, իսկ հեռարձակող, ցանցային օպերատոր և դիստրիբյուտոր անձանց համար ապահովվում է իրավական որոշակիություն՝ թույլատրելի և արգելված բովանդակության սահմանների վերաբերյալ»,-գրված է հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի հեղինակի՝ ԲՏԱ նախարարության, ներկայումս անորոշությունների առկայությունը հանգեցնում է նաև այն իրողությանը, որ կարգավորող մարմնի կողմից (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) ընդունված որոշումները հաճախ վիճարկվում են դատարաններում՝ առաջացնելով իրավական անորոշություն և խաթարելով մեդիա ոլորտի կայուն կարգավորման մեխանիզմները։

Փոփոխություններ են առաջարկվում նաեւ դիստրիբյուտորների գործունեության մասով։ Օտարերկրյա տեսալսողական ծրագրերի մասով էլ առաջարկվում է՝ նախքան Հայաստանում վերահաղորդման մեկնարկը անցնել համապատասխանության գնահատման գործընթաց․ սահմանվում է պարտադիր պահանջ՝ վերահաղորդման մեկնարկից առաջ տանալ ՀՌՀ-ի թույլտվությունը, որը կհավաստի տեսալսողական ծրագրի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան լինելը։

Բորիս Նավասարդյանն ասաց, որ այս առաջարկները շահագրգիռ կողմի՝ լրագրողական կազմակերպությունների հետ չեն քննարկվել։ Ավելին․ «Առնվազն կես տարուց ավելի է, ինչ կառավարության կողմից որեւէ նախաձեռնություն չի քննարկվում ձեր եւ մեր գործընկեր կազմակերպությունների հետ։ Մենք ունենք անուղղակի ազդակներ, որ այն քաղաքականությունը, որը փաստորեն որդեգրել է իշխող քաղաքական ուժը, չի համապատասխանում այն մոտեցումներին, որ ունենք մենք։ Եվ դա է պատճառը, որ մոռացվել է նաեւ այն հուշագիրը, որը ստորագրվել էր հասարակական կազմակերպությունների հետ, ըստ որի՝ որեւէ օրենսդրական նախաձեռնություն՝ առանց հուշագիրը ստորագրած ՀԿ-ների հետ քննարկման, չի շրջանառվելու։ Փաստորեն, առանց նույնիսկ հուշագիրը չեղարկելու, մենք նման քայլեր ենք տեսնում եւ դա, կարծում եմ, լրացուցիչ լարվածություն եւ անհամաձայնություն է ստեղծելու մեր կազմակերպությունների եւ կառավարության միջեւ»։

Հետաքրքրվեցինք՝ կառավարության այս դիրքավորման պատճառը առաջիկա ընտրական շրջա՞նն է, թե՝ այս քայլերն ավելի լայն կտրվածքում պետք է դիտարկել՝ դեպի Հայաստանի բռնապետացում գնացող։

Բորիս Նավասարդյանի կարծիքով, այն ամենն, ինչ վերջին շրջանում Հայաստանում տեղի է ունենում՝ կապված է ընտրությունների հետ․ «Ամեն ինչ ակնհայտորեն արվում է այն ինստիտուտների դեմ կամ արհամարհմամբ, որոնք չեն ընկալվում իբրեւ իշխող քաղաքական ուժի դաշնակից։ Ի՞նչ կլինի ընտրություններից հետո, ես հիմա դժվարանում եմ ասել, քանի որ վերջին տարիների ընթացքում կարելի էր համոզվել, որ ամեն ինչ իրավիճակային բնույթ է կրում։ Կախված իրավիճակից՝ իշխանությունը կարող է գնալ ե՛ւ բռնապետական միտումների ավելացման եւ որոշակի ազատականացման ճանապարհով։ Բայց ամենատխուրն այն է, որ ոչ պաշտոնական ընտրապայքարի անցած ամիսները եւ նրանք, որ դեռ սպասվում են մինչեւ 2026-ի հունիս, շատ վտանգավոր եւ վատն են լինելու՝ տարբեր ուղղություններով քաղաքականության իրականացման առումով, այդ թվում նաեւ՝ լրատվամիջոցների նկատմամբ։ Համապատասխան մեծ եւ փոքր քայլեր տեսնում ենք՝ եւ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, եւ, ասենք «Առավոտին» տարածքից զրկելու միջոցով եւ այլ՝ բավականին մտահոգիչ դրսեւորումներ կան»։

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին լրագրող, «Ինտեգրացիա եւ զարգացում» հկ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում է, որ ընտրական շրջանին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը նաեւ օրենսդրական լուծումներով ուղղակիորեն ամայացնում է ողջ հանրային, քաղաքական դաշտը․ «ՀՀ արդարադատության նախարարությունում էլ քննարկվում է մի նախագիծ, որի համար ժամանակին ԵԽ-ն, Վենետիկի հանձնաժողովը «պատռում էին իրենց հետույքը» եւ որը վերացնելը՝ մահապատժի չկիրառման հետ միասին, նախապայմաններից մեկն էր՝ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամակցության համար։ Դա վիրավորանքն ապաքրեականացնելն էր, ինչն արվեց ժամանակին։ Հիմա, քննարկվում է նաեւ վիրավորանքը քրեականացնելու հարցը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անխոչընդոտ, իր բոլոր քաղաքական օպոնենտներին բանտերը լցնելով՝ գնա 2026 թվականի հերթական ընտրության»։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս նախագծին, որն իբրեւ պետք է կարգավորի ատելության խոսքը, սահմանադրական կարգը բռնի տապալելը, թշնամական խոսքը, Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությամբ, նույն «օպերայի» շրջանակում է․ «Ցանկացած քննադատություն, խոսույթ, ցանկացած եզրույթ, որը կհնչեցվի հականիկոլական ճամբարից, դա անմիջապես կձեւակերպվի, որպես սահմանադրական կարգ տապալելու փորձ եւ ընդդիմախոսը կհայտնվի բանտում»։

Ինչ վերաբերվում է թշնամանքի խոսքին, ապա մեր զրուցակիցն ավելի քան վստահ է, որ այս փոփոխությունն արվում է թուրք-ադրբեջանական տանդեմի քիմքը բավարարելու համար․ «Որպեսզի այլեւս չհնչի խոսք, որը կորակվի Թուրքիայի, Ադրբեջանին, թուրքերին ու ադրբեջանցիներին ուղղված ատելության խոսք։ Այս կերպ էլ է ՔՊ-ական ռեժիմը փորձում հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ ի հակառակ դրան, ուզում եմ հիշեցնել Իլհամ Ալիեւի մի հայտարարությունը՝ «մենք 44-օրյա պատերազմը հաղթեցինք ոչ միայն մեր բանակով եւ բայրաքթարներով, այլ հաղթեցինք նաեւ, որովհետեւ 30 տարի մենք մեր սերունդներին մեծացրեցինք թշնամու հանդեպ ատելության ոգով»։ Այս ամենի ֆոնին, Նիկոլ Փաշինյանը նաեւ այստեղ է փորձում ծառայություն մատուցել այս թրքական տանդեմին՝ ներառելով «թշնամանքի խոսք» եզրույթը, որն այլեւս լրջագույն սանկցիաներ է ենթադրելու այս նախագծով։ Մարդն, ով կասի՝ թուրքն իմ թշնամին է, կհայտնվի բանտում։ Ի՞նչ ասեմ, ես դադարել եմ զարմանալ այն քայլերի վրա, որոնք անում է այս ռեժիմը, բայց ինձ շարունակում է զարմացնել ընդդիմությունը, որն ընդամենը վերածվել է ռեժիմի քայլերի հետահայաց արձանագրողի։ Եվ քանի որ իրադրությունն այսպիսինն է, մենք ունենք ընդդիմություն, որը «պոստ-ֆակտում» ստատուս գրելով կամ հարցազրույց տալով արձագանքում է այս ռեժիմի կործանարար քայլերը, մեզ մնում է արձանագրել մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ, ցավոք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031