Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ շատ երգեր ունեմ պահած, որոնք սպասում են իրենց հերթին»․ լույս է տեսել Էլվինա Մակարյանի երգերի վինիլային սկավառակը

Օգոստոս 11,2025 19:11

«էլվինայի հետ շփվելը գերագույն հաճույք էր։ Նա հումոր սիրող մարդ  էր, ինքն էլ սիրում  էր հումորասեր մարդկանց։ Վերջին տարիների իր հումոր էր իրեն պահում։ Կդժվարանամ ասել՝ էլվինայի հետ շփվելը դժվա՞ր էր, թե ոչ։ ֆանտաստիկ հումոր ուներ»,- հայկական ջազի լեգենդներից մեկի՝ Էլվինա Մակարյանի մասին է պատմում նրա սանը, ով հետո դարձավ նրա մտերիմ ընկերը՝ ռեժիսոր, երգիչ Արման Աղաջանյանը։

Էլվինա Մակարյանի կյանքի վերջին տարիների մասին տարբեր զրույցներ են պտտվում, Արման Աղաջանյանից, ով մշտապես եղել է Էլվինայի կողքին՝ հետաքրքրվեցինք՝ նա աշխարհից ու մարդկանցից նեղացա՞ծ հեռացավ կյանքից։

«Չէ, նեղացած չի եղել, իր միակ զավակի  կորուստի հետ չէր  կարողանում ոչ մի կերպ համակերպվել։  Նրանք շատ կապված էին միմյանց հետ, օդի ջրի պես իր կողքն էր․․․  Իսկ երբ զավակը արդեն չկար, շատ էր բարդացելիր կյանքը․․․ դժվարանում էր կյանքի գույները տեսնել։ Դժվար թե մեկը կարողանար նեղացնել  իրեն։ Ուղղակի նա ծնվել էր ոչ ճիշտ  ժամանակին։ Թեեւ այդ տարիներին նա արգելված չէր, բայց   երաժշտությունը  պրոպագանդելու խնդիր ուներ։  Սովետական ժամանակաշրջանում դեռ ժողովուրդը  պատրաստ չէր լսել նման ջազային երաժշտություն, շատ բան էր փակ, չկար այդ ինֆորմատիվ դաշտը։ Ինքը առաջիններից էր, որ կանգնած էր հայկական ջազ ակունքներում։ Հայկական ջազային արվեստը թերևս քննադատվում էր մարդկանց կողմից, ովքեր սովոր չէին լսել նման տեսակի երաժշտություն, բայց նույն ժամանակահատվածում նաև գտնվեցին  մարդիկ, որոնք  բարձր  գնահատեցին  երաժշտական ասպարեզում արված հեղափոխությունը», -պատմում է Արման Աղաջանյանը։

Kami ակումբում  երեկ տեղի ունեցավ Էլվինա Մակարյանին նվիրված երեկո։ Առիթը՝ երգչուհու ջազային ալբոմի լույսընծայումն էր։ Համերգային ծրագրի ժամանակ, Էլվինա Մակարյանի արդեն հայտնի եւ սիրված ստեղծագործություններից զատ հնչեցին նաեւ անգլերեն լեզվով Էլվինայի համար գրված երգեր, որոնք առաջին անգամն էին ներկայացվում հանդիսատեսի դասին։

«Երբ մարդը կողքիդ է, քեզ թվում է  թե ինքը միշտ կլինի ու շատ բաներ բաց ես թողնում․․․Այդպես եղավ նաև Էլվինայի հետ։  Տարիներ առաջ վեցը երգ ձայնագրեցինք ու շարունակություն պետք է ունենար, բայց, ցավոք, չկարողացանք վերջացնել։ Այդ երգերը  մնացին  մոտս պահված ․․․»,- Արման Աղաջանյանն է շարունակում պատմել՝ հավելելով, որ հետո հայտնվեցին երաժիշտեր Վահան Մարտիրոսյանը  եւ Գրիգոր Վահրամյանը, որոնց առաջարկով եւ ջանքերով լույս տեսավ Էլվինա Մակարյանի սկավառակի վինիլային տարբերակը․ «Վինիլային տարբերակը նաև  օրիգինալ հուշանվեր կարող է դառնալ Էլվինայի երկրպագուների, Էլվինային սիրողների  համար։ Կարծում եմ, այսօր  շատ կարևոր է էլվինայի երաժշտությունը պրոպագանդել, քանի որ  այնպես խեղաթյուրված է  հիմա հայ էստրադան ու պոպ արվեստը,  որ մենք կարիք ունենք էլվինայի երաժշտության։ Բայց ես դեռ շատ երգեր ունեմ պահած, որոնք  սպասում են իրենց հերթին»։

Էլվինա Մակարյանի անգլերեն երգերի բառերի հեղինակ Ռիտա Սուքիասյան էլ հուզվում է, երբ փորձում ես հետը Էլվինայի մասին խոսել։ Արցունքները կոկորդում խեղդելով, մի կերպ պատասխանում է․ «Շատ հաճելի էր իր հետ աշխատելը։ Կարող եմ ասել, որ նա շատ շատ հետաքրքիր մարդ էր։ Մեր ընտանիքի  համար շատ հարազատ մարդ էր, բայց ես աշխատելիս երբեք չէի մոռանալ որ նա Էլվինան է»։

Էլվինայի նոր երգերի մեծամասնությունը սիրո մասին է` այլ մարդու, ապրած վայրի հանդեպ։

 

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031