Տեղեկացրել ենք, այսօր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գյումրիում 11-րդ անգամ նշվեց երիտասարդության միջազգային օրը, որը ՄԱԿ-ի որոշմամբ այս տարի կրում է «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ կայուն զարգացման նպատակներին ու ավելիին հասնելու համար» խորագիրը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը այսօր համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը մի քանի ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում բնակվող երիտասարդների թվի մասին։
Կարդացեք նաև
Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակվում է ութ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր երիտասարդ։
«Համեմատական եմ անցկացնելու, բայց խնդրում եմ անպայման հաշվի առեք, որ սա 13-35 տարեկան մարդկանց թիվն է։ Համեմատականն այլ տարիքային շեմ է ունենալու, որովհետև այն ժամանակ որպես երիտասարդների տարիք՝ վերցնում էինք 16-30-ը։
Եվ անցած տարի օրինակ՝ 540 հազար է եղել երիտասարդների թիվը, սա չի նշանակում, որ բարձրացել է՝ տարիքային շեմը հաշվի առնելով։ Իսկ եթե համեմատենք 11 տարի առաջվա ՝ 2014 թվականի թվի հետ, այն ժամանակ 750 հազար էր։
Մենք տեսնում ենք, որ վերջին 15 տարվա ընթացքում քառորդով նվազել է երիտասարդների թիվը։
Սա ևս մեկ ազդակ է, որ պետք է շատ լուրջ վերաբերել երիտասարդների խնդիրներին, որովհետև և՛ ծնելիության պակասի, և՛ միգրացայի, և՛ նաև 2020 թվականի աղետալի իրավիճակի արդյունքում մենք ունեցել ենք երիտասարդների կորուստ, և յուրաքանչյուր երիտասարդի պոտենցիալ իսկապես շատ կարևոր է մեր երկրի համար երիտասարդների զարգացման և նաև պետության կայուն զարգացման համար, որովհետև սա է ապահովելու մեր կայունությունը և երկարաժամկետ զարգացումը։
Եվ մենք նաև 2021 թվականի հարցում էինք իրականացրել, թե ինչի մասին են երազում երիտասարդները, հարցմանը մասնակից երիտասարդների 41 տոկոսը խաղաղության մասին է երազել, 19 տոկոսը երազում է ապրել ավելի անվտանգ երկրում։ Ընտանիք կազմելու մասին 15 տոկոսն է երազել։ Եվ Հայաստանում աշխատանք գտնելու մասին 12 տոկոսն է երազում։
Սա խոսում է նրա մասին, որ իրականում շատ պարզ երազանքներն ունեն երիտասարդները, բայց նաև շատ բարդ լուծումներ պահանջող։ Հետևաբար բոլորիս համատեղ ջանքերը միայն կբերեն երիտասարդների համար իրենց երազանքների միջավայրի ստեղծմանը»,- ասաց բանախոսը։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ ասաց․ « Շատ կարևոր մի հավելում ունեմ, այն համայնքներում, որտեղ ուզում ենք երիտասարդական միջավայր ձևավորվել, երիտասարդական կենտրոններ բացել, որոնք համայնքային երիտասարդական ծառայություններ կտրամադրեն, երբ փորձում ենք ոչ ֆորմալ զրույցներ ունենալ ՏԻՄ ներկայացուցիչների և ոլորտում աշխատող երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, երիտասարդությանը հուզող առաջին հարցը ապահով միջավայրում ապրելն է»։
Ըստ Արթուր Նաջարյանի, հարցումներ իրականացնելիս՝ տեսնում են, որ շատերը լավ աշխատանք ունեն՝ բարձր վարձատրվող, բայց մտածում են բնակության վայրի փոփոխության մասին, որը պայմանավորված է ապահով միջավայրում ապրելու ու գործունեություն ծավալելու երազանքի հետ։
«Կարևոր է արձանագրել, որ այսօրվա երիտասարդներն՝ ի տարբերություն 10 տարի առաջվա, աշխատաշուկայում շատ ավելի ակտիվ խաղացողներ են դարձել, իհարկե, այլ մարտահրավերներ ունենալով այս մասով, ավելի բարձր վարձատրվող աշխատանք են իրականացնում, ինչը խոսում է ինքնուսուցման, ինքնազարգացման վրա մեծ շեշտադրման և, իհարկե, նաև նորարար աշխարհում նոր մասնագիտությունների կամ մի քանի մասնագիտությունների մեջ խորանալու մասին։ Բայց երբ տեսնում ես արտագաղթի հետ կապված հարցեր կան, երբ տեսնում ես բարձր աշխատավարձ, լավ հեղինակություն ունեցող անձինք են, այնուամենայնիվ մտածում են բնակության վայրի փոփոխության մասին, մտածում ես՝ առաջին հարցը, որ պետք է հուզի, ավելի բարեկեցիկ կյանքն է, բայց այդպես չէ, մտածում են ավելի ապահով, հանգիստ ու կայուն միջավայրում ապրելու մասին։
Հնարավորություն պետք է ստեղծվի այդ միջավայրում ապահով զգալու և, իհարկե, երազելու։
Իմ մշտական խոսքն է եղել՝ եթե ուզում ենք աշխարհն ավելի լավը դարձնել, պետք է մեր գործունեության շրջանակում երիտասարդներին ապահովության զգացողություն տանք և երազելու հնարավորություն։
Եթե երազանք չունի, առաջ գնալու հնարավորության մասին խոսք չի լինելու։
Մենք հավատում ենք, որ մեր ոլորտում մեր գործընկերների հետ տարվող ջանքերը․ համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորումը կլինի այդ խթանը երիտասարդների զորացման»,-ասում է Արթուր Նաջարյանը։
Նրա համոզմամբ, եթե համայնքներում երիտասարդական միջավայրեր ձևավորվեն, ապա երիտասարդը ավելի շատ կկապվի իր համայնքի հետ։
Նա որպես օրինակ մեջբերում է Գավառ համայնքը, որտեղից մեծ արտահոսք կար, սակայն երիտասարդական միջավայրի ստեղծմամբ՝ երիտասարդները սկսել են մտածել իրենց նախաձեռնությունները իրենց համայնքում իրականացնելու մասին, ավելի քիչ են մտածում Երևան տեղափոխվելու մասին։ Իսկ այդ փոքրիկ քայլերը, ըստ Արթուր Նաջարյանի, մեծ փոփոխությունների սկիզբն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ