Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչ TRIPP դեմ է տալիս՝ աղն առնում-վազում եք. «ՉԻ»

Օգոստոս 12,2025 11:19

Վաշինգտոնյան արձանագրություններով և «Թրամփի ուղիով» հիացողներին հիշեցնենք՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն թաթը դնում է բզկտված Հայաստանի վրա ու «փրկում»։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն ու 103,5 հազար քկմ տարածքով Հայաստանի պաշտոնական քարտեզը վկա։ Ամեն ինչ կարծես թե օրինական էր, միջազգային նորմերին համահունչ, ընդ որում՝ ԱՄՆ-ին այդ հարցը որոշելու լիազորությունը տվել և հետևաբար՝ որոշումն անվերապահորեն ընդունելու պարտավորությունը ստանձնել էին այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, և այլն։ Ու ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։ Բնականաբար՝ ողբերգությամբ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ Վիլսոնն իր ձգտումներում անկեղծ չէր, կամ այդ ամենը չէր համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, այլ որովհետև «գետնի վրա» իրական լծակներ և դերակատարում ունեցողների՝ Թուրքիայի և Ռուսաստանի համար դա անընդունելի էր։ Արդյունքում՝ Թուրքիան պարզապես բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց «Վիլսոնյան Հայաստանի» մեծ մասը, տակն ինչ մնաց՝ դարձավ բոլշևիկյան, Վիլսոնի իրավարար վճիռն էլ մնաց թղթի վրա։

Բայց մեր քաղաքական դաշտն ու հանրային-քաղաքական միտքը շարունակաբար նույն սխալն են կրկնում․ ժողովրդական լեզվով ասած՝ ով ինչ դեմ է տալիս, «աղն առնում են ու վազում»։ Ի՞նչ պիտի աներ որևէ երկրի մտավոր դասը կամ քաղաքական միտքը՝ որպես հանգուցալուծում կամ փրկություն ներկայացվող որևէ ծրագիր գնահատելիս։ Ճիշտ է, պիտի քննարկեր ոչ թե այն՝ լա՞վն է դա, թե՞ ոչ, այլ՝ իրատեսակա՞ն է դա, թե՞ ոչ։ Կարելի է հիանալ վաշինգտոնյան արձանագրությունների այն հատվածով, որտեղ խոսվում է միջանցքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին, կարելի է նվաղել Թրամփի՝ Նիկոլի ուսին բարեկամաբար թմփթմփացնելու տեսարաններից, բայց փաստն այն է, որ «նորօրյա Վիլսոնը» ստորագրում և կողմերին ստորագրել է տալիս մի նախագիծ, որին, թաքուն կամ բացահայտ, դեմ են «գետնի վրա» իրական լծակներ ունեցող հիմնական խաղացողները։ Ռուսաստանն ու Իրանը դա ընկալում են որպես ուղիղ հարված իրենց աշխարհաքաղաքական շահերին, Թուրքիան արտաքուստ մեղրածոր ժպտում է, բայց չի էլ թաքցնում, որ իր նպատակն Օսմանյան կայսրության վերականգնումն է, իսկ այդ ծրագրով հայկական անկախ պետականություն նախատեսված չէ, Ադրբեջանը, բնականաբար, թաքուն սատարում է այդ ծրագրին, Վրաստանն էլ այս նախագիծը գնահատում է որպես իր համար «աշխարհաքաղաքական աղետ», որովհետև կարող է կորցնել իր տրանզիտային առավելությունները։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031