«Երեկ համատեղ պայմանավորվածությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հրապարակեցին խաղաղության եւ համատեղ համագործակցության համաձայնագիրը, որը Նիկոլ Փաշինյանը անվանում է Խաղաղության հռչակագիր, Խաղաղության համաձայնագիր: Հիմա, երբ իշխանական ագիտպրոպը իր բոլոր մետաստազներին լծել է՝ ներկայացնելու, շեղելու հանրային կարծիքը, իբրեւ թե՝ ընդդիմադիր դաշտը դեմ է խաղաղությանը, դա անամոթ եւ լկտի սուտ է»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով. «Որեւէ մեկը չի կարող դեմ լինել իրական խաղաղությանը, բայց արդյո՞ք երեկ հրապարակված հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին է: Իհարկե՝ ոչ: Այն առավել հստակ, քան բնորոշել է Ալիեւի առաջին դեմքերից մեկը՝ Հիքմեթ Հաջիեւը՝ ասելով, որ Ադրբեջանը հաղթեց պատերազմը, իսկ հիմա կնվաճի խաղաղությունը: Այսինքն, սա պարտադրված չակերտավոր խաղաղություն է, որի տակ իրական խաղաղություն չկա: Անգամ Նիկոլի գրպանում գտնվող արեւմտամետ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ այս փաստաթղթով խաղաղություն չի լինելու, նոր պատերազմը հավանական է, եւ մենք դրան պիտի պատրաստվենք»:
Նարիրա Զոհրաբյանը հավելում է. «Ի՞նչ շահեցին կողմերը վաշինգտոնյան հանդիպումից եւ երեկ հրապարակված այսպես կոչված խաղաղության հռչակագրից հետո: Ադրբեջանը ստացավ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք ունենալու իր պապերի երազանքը, որը հետագա պլացդարմն է լինելու նրանց «Արեւմտյան Ադրբեջանի» ծրագիրն իրականացնելու համար, մինչդեռ Ալիեւը 34 տարի երազում էր, որ կարողանա վերադարձնել միայն Քելբաջարն ու Զանգելանը: Բայց նրան տրվեց անգամ Ստեփանակերտը, ամբողջ Արցախը՝ առանց հայերի: Ադրբեջանը ստացավ իր պապերի երազանքը:
Երեկ պաշտոնապես Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարեց, որ դիմել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար: Դա միակ գործուն մանդատն էր, որի տակ հնարավոր էր քննարկել արցախցիների վերադարձը Արցախ: Այսինքն, Արցախի հարցը վերջնականապես փակվում է, եւ ինչպես պահանջել է Ալիեւը նշյալ համաձայնագրում, որեւէ կերպ այլեւս չպետք է բարձրացվի»:
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավորը հարց է հնչեցնում՝ արդյո՞ք խաղաղության մասին է մի հռչակագիր, որտեղ գրված է, որ կողմերը պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 2021թ մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի զգալի հատվածներ, որոնց մասին քանիցս խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ