Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Գալստյանի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել․ զեկուցողը դատավոր Արթուր Պողոսյանն է

Օգոստոս 12,2025 20:22

«Փաստինֆո». Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Դատախազությունը շարունակում է Գալստյանի համար ցմահ ազատազրկում պահանջել, պաշտպանության կողմն էլ՝ արդարացում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալստյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել՝ թե՛ պաշտպանության, թե մեղադրանքի կողմից։ Դատախազությունը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։

Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները՝ թողնելով վճիռն անփոփոխ։

«Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանության կողմը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել։ Գործով զեկուցողը Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանն է։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ բողոքը վարույթ ընդունելու մասին։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։

ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031