Հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջը՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին չի բավարարել «Մասնակցային դպրոցի» Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում հոկտեմբերի 27-ի ողբերգությունը ներկայացնելը: Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքում: Դասագրքի հեղինակներն են՝ Գեւորգ Կեսոյանը, Վահագն Հակոբյանը, Նժդեհ Հովսեփյանը, Հրածին Վարդանյանը, Ալլա Խառատյանը, Տաթեւիկ Համբարձումյանը եւ Աղասի Թադեւոսյանը:
«Պատմություն գիտությունը նրա համար չէ, որ կեղծ կամ ճիշտ փաստերը շարադրեն: Դպրոցում պատմություն դասավանդելու նպատակը պատմական դեպքերը վերլուծել կարողանալն է, դատողություններ անելը, հետեւանքները հասկանալը, թե ինչ եղավ պատմական իրադարձություններից հետո, ինչպես պետք է վերլուծել պատմական իրադարձությունները, այդ հմտությունը պետք է դնել երեխաների մեջ: Հիմա 9-րդ դասարանի Հայաստանի պատմության դասագրքում ինձ հետաքրքրում է, թե Հոկտեմբերի 27-ը ինչու է այդպես ներկայացված», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը:
Նրանից հետաքրքրվեցինք՝ QR կոդով նայե՞լ է այն տեսանյութը, որի վերաբերյալ իր գրառման տակ մեկնաբանություն էր թողել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր Վահրամ Սողոմոնյանը: Նա տիկին Բախշյանին պատասխանել էր, որ QR կոդով ներկայացված ծավալուն տեսանյութում ամեն ինչ ասվում է: Յուրի Բախշյանի կինը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութ դնելը կարեւոր է, որ երեխաները տեսնեն, թե ինչպես է եղել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:
Կարդացեք նաև
«Իմ բարձրացրած հարցն այն մասին է, թե ինչու ահաբեկչության արդյունքում սպանվածների՝ այդ 6 հոգու անուն-ազգանունները եւ պաշտոնները նշված չեն դասագրքում: Ի վերջո՝ նրանք պատահական մարդիկ չէին, ԱԺ պատգամավորներ, նախարարներ էին. Արցախի առաջին վարչապետ Լեոնարդ Պետրոսյան, մեր տնտեսագիտության հիմքը դրած Միքայել Քոթանյան, խմբագիր Հենրիկ Աբրահամյան, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյան, պատերազմում կռված Արմենակ Արմենակյան… Այդպես էլ չհասկացվեց, թե ով ԱԺ միջանցքում սպանեց Արմենակյանին, երբ այդ սրիկաները, ահաբեկիչները դահլիճում էին… Եվ վերջապես ամենակարեւորը՝ աշակերտները պիտի կարողանան վերլուծելով հասկանալ հոկտեմբերի 27-ի հետեւանքները, որ այսօր զգում է յուրաքանչյուր հայ մարդ՝ Հայաստանում եւ Սփյուռքում… Մեր երեխաները պետք է հասկանան այս ամենը, որովհետեւ իրենք վաղվա զինվորը, պաշտոնյան են, որ կարողանան կրել իրենց մեջ պատմական փաստը, որպեսզի իրենց ճակատներին գրեն՝ «Հայաստանը հավերժ է»:
Դասագրքում գրված է, որ կազմակերպիչների մասով գործը կարճվել է, բայց դա միայն կազմակերպիչների մասով չէ, կազմակերպիչների եւ պատվիրատուների, որը 2019թ. իմ դիմումի համաձայն վերաբացվել է, թող դասագիրքն էլ գրի, որ գործը վերաբացվել է, թող երեխաներն իմանան, թե ինչպե՞ս գործը 15 տարի հետո վերաբացվեց… Սա Բախշյան Անահիտի անձնական հարցը չէ, պետության հարցն է», – ասաց Անահիտ Բախշյանը:
Ինչ վերաբերում է QR կոդով Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը տեսանյութով ներկայացվելուն, նշենք, որ QR կոդի «տակ» «Ազատություն» ռադիոկայանի՝ 2021թ.-ին պատրաստած «Հոկտեմբերի 27, երկբեւեռ իշխանության ավարտը» ֆիլմն է (հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան, ռեժիսոր՝ Արա Ճաղարյան):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ