5-րդ ալիքի «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը։ Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, սցենարի հեղինակը՝ Լեւոն Գալստյանը:
Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր եւ 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ընկնելով երկինք» ֆիլմը, որը ներկայացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքի ամենավառ դրվագները, ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Մոսկվայում անցկացված «Մշակութային երկխոսություն» մրցույթում, որին մասնակցել են 27 երկրների ներկայացուցիչներ:
Հարություն Հարությունյանի խոսքով՝ «Ընկնելով երկինքը» ստացված ֆիլմ է. «Ֆիլմը գնահատվել է կատարված աշխատանքի, որակի համար, այն ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում է բարձր գնահատականի արժանացել, այլեւ Լոս Անջելեսի, Սան Պաուլոյի կինոփառատոններում է ընտրվել որպես լավագույն ֆիլմ: Լուրի ենք սպասում նաեւ Լոնդոնի կինոփառատոնից: Այն, որ ֆիլմը գնահատվում է տարբեր կինոփառատոներում եւ նման պատվի է արժանացել Մոսկվայում, խոսում է այն մասին, որ համամարդկային արժեքները չեն անտեսվում, իսկ Նելսոն Ստեփանյանի կատարած հերոսությունը համամարդկային արժեքների մեջ է մտնում եւ ցույց է տալիս մեր ազգի կարողությունները, հնարավորությունները, մարտունակությունը …»:
Մեր զրուցակիցն ընդգծում է. «Մենք սահմանափակվում ենք միայն մեր հեռուստատեսությամբ ֆիլմը ցույց տալով, հակառակ նրան, որ մեր ստեղծած ֆիլմերը, մասնավորապես «Կեղծ խաղաղության գինը», տարբեր կինոփառատոններում ստանում է «Լավագույն կրթական ֆիլմ» մրցանակ, սակայն Հայաստանի կինոթատրոններում ցանկություն չկա դրանք ցուցադրելու, չկա որեւէ արձագանք այդ ոլորտի ներկայացուցիչներից՝ ԿԳՄՍ նախարարություն, Կինոյի հիմնադրամ եւ այլն»:
Կարդացեք նաև
Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ «Русский мир» հիմնադրամի հրավերով հոկտեմբերին ֆիլմի գլխավոր ռեժիսոր Մարիամ Եգորյանը Մոսկվայում կմասնակցի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ