35-ամյա Գարիկ Հարությունյանին, նրա եղբորը՝ 33-ամյա Էրիկ Հարությունյանին եւ նրանց 66-ամյա հայրիկին՝ Կարո Հարությունյանին, ուղիղ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսին, դանակահարել էր դռկից հարեւանը:
«Իմ, հորս ու եղբորս դանակային վնասվածքների տեղերն են նկարներում։ Երեքս էլ մահից ենք պրծել․ դրա համար շնորհակալություն մեր բժիշկներին։ Դանակահարությունից 5 տարի անց էլ Հայաստանի դատաիրավական համակարգը չի կարողանում արդարադատություն իրականացնել։ Իսկ դանակահարողը ազատ ֆռֆռում է։ Դեպքից հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Երեք ամիս կալանավորված է եղել, ու վերջ։ Հիմա երկու-երեք-հինգ ամիսը մեկ ներկայանում է դատարան։ Ապրում է մեր դիմացի բնակարանում, պարբերաբար դուրս է գալիս դեմ-դիմաց։ Չի զղջում։ Ու իր ազատությամբ մարդկանց ցույց է տալիս, որ Հայաստանում 3 մարդու մահվան դուռ հասցնելը նորմալ է, անպատժելի»,- իր ՖԲ էջում գրել էր լրագրող Գարիկ Հարությունյանը:
Այսօր կայացավ դանակահարության գործով հերթական նիստը:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին, թե ի՞նչ ընթացքում է գործը, դատավարության ո՞ր փուլն է, Գարիկը (լուսանկարում) պատասխանեց. «Վկաների հարցաքննության փուլում ենք, արդեն երրորդ անգամ, որովհետև երրորդ դատավորն է անցկացնում նիստեր։ Առաջին դատավորը, ում մակագրվել էր գործը՝ 24․03․2021-ին, Աննա Մաթեւոսյանը, նիստերը գրեթե ավարտին էր հասցրել, բայց դատախազը փոխվեց, հետո երկու նիստ չանցկացվեց պաշտպանի բացակայության պատճառով, հետո էլ դատավորին տեղափոխեցին այլ դատարան, գործը մնաց կիսատ։ Դրանից հետո գործը մակագրվեց դատավոր Անի Մարտիրոսյանին, որը ամեն ինչ սկսեց զրոյից, հասցրեց ինչ-որ կետի, ապա նրան էլ տեղափոխեցին այլ դատարան, ու գործը կրկին մնաց կիսատ։ 2024 թվականի ապրիլին գործը մակագրվեց Վահագն Մելիքյանին, եւ հիմա նա է վարում նիստերը: Այսօրվա նիստին ներկայացել էր միայն մեկ վկա, ինչի պատճառով նիստը նորից հետաձգվել է։ Ընդ որում, «վկաների» մեծ մասն ուղղակի ներկա չի եղել դանակահարության ժամանակ։ Նախորդ դատավորների ժամանակ մի քանիսը եկել են, ընդհանուր բաներ են ասել ու գնացել։ Բայց քանի որ ամեն դեպքում որպես վկա են հիշատակված, նրանց պիտի ներկայացնեն դատարան, ու սրա պատճառով պարբերաբար հետաձգվում են նիստերը»:
Մեր հարցին՝ ինչ-որ խնդիր կա՞ մեղքի ապացուցման, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դանակահարողը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, բայց արդեն հինգ տարի չենք հասնում արդարադատության։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերին, բայց էլի ոչ բոլոր վկաներն են կանչվելու։ Դա էլ նշանակում է, որ դեռ նորից նիստեր են լինելու՝ անորոշ քանակով ու հետաձգումներով։ Ոնցոր Կաֆկան լինի սցենարի հեղինակը»։
Հինգ տարի առաջ Գարիկ Հարությունյանը դեպքի կապակցությամբ Aysor.am-ին պատմել էր. «Դեպքը երեկոյան էր, երևի ժամը 21:30- 22:00-ի հատվածում: Դանակահարողը մեր դիմացի հարևանն է, որոնց հետ, սակայն, մենք որևէ շփում չունենք: Այնպես չի, որ երբիցե ինչ-որ գժտություն ենք ունեցել, ուղղակի դանակահարող տղամարդու վարած ապրելակերպը մեզ օտար էր: Այս դանակահարությունն իր համար առաջին դեպքը չէր, պատահականություն չէր: Եթե չեմ սխալվում՝ դատված է եղել: Մի անգամ էլ դանակով իր սեփական մոր ու քրոջ հետևից է ընկել, մայրը մեր տուն է մտել, փրկվել, հայրս էլ դուրս է եկել ու ստիպել՝ դանակը ձեռքից գցի… Այս անգամ դեպքը հետևյալ կերպ է եղել. Հրաչը (դանակահարող հարևանը- հեղ.) սովորություն ունի՝ բակ մտնելիս ազդանշան է տալիս: Հայրս բակում է լինում, նրան կանչում է, ասում՝ ամեն անգամ քո ազդանշանից տնեցիք վեր են թռչում, այդպես մի արա: Դրանից նա վրդովվել է, ասել, որ անելու է այնպես, ինչպես ինքն է ուզում ու իրեն է հարմար: Հայրս, գիտակցելով, որ դիմացինն իրեն չի հասկանում, ասել է՝ գնա, հետո կխոսենք: Այդտեղից էլ ամեն ինչ սկսվել է՝ տուն գնալու փոխարեն նա մոտեցել է իր մեքենային, ինչ որ բան վերցրել ու վերադարձել հորս մոտ, սկսել կռվել: Փաստորեն, մեքենայից վերցրածը դանակ էր, որով 3 հարված հայրիկիս որովայնին էր հասցրել: Աղմուկի վրա ես ու եղբայրս տանից տուրս եկանք (բնակարանն առաջին հարկում է- հեղ.): Այդ պահին հորս ասաց՝ սա քեզ հերիք է, հիմա նրանց հերթն է: Մոտենալով՝ առաջինն իմ կրծքավանդակին հարված հասցրեց, հետո՝ եղբորս: Մենք դեռ չէին հասկացել՝ ինչ է կատարվում, նույնիսկ չէինք զգացել, որ հարվածները դանակից են: Չէինք սպասում, որ մեզ հետ նման բան կարող էր լիել… Այդ պահին իր մայրը տանից դուրս եկավ, սկսեց ինձ խնդրել, որ իր 44-ամյա տղային չվնասեմ: Ես ընդամենը նրա ձեռքին դանակ տեսնելով՝ խփեցի ձեռքին, դանակն ընկավ, ոտքով մի կողմ գցեցի: Նա նորից վազեց դեպի ավտոմենքենան, չգիտեմ ինչի, գուցե նոր դանակ վերցնելու… Բայց արդեն իր ընտանիքի անդամները տանից դուրս էին եկել, խառնաշփոթ էր սկսվել, մենք էլ հասկանալով, որ դանակահարված ենք, թաղի տղաներից առաջին պատահածին խնդրեցինք՝ մեզ շտապ հիվանդանոց հասցնել: Հետագայում իմացա, որ անգամ մեր գնալուց հետո նա չի հանգստացել, կանգնել է պատուհանի տակ, գոռգոռացել, հայհոյել»:
Նկատենք, որ դանակահարության արդյունքում Գարիկ Հարությունյանը՝ թոքի, նրա հայրն ու եղբայրը աղիքի վնասվածք են ստացել, եւ միայն «Շենգավիթ» ԲԿ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում վիրավորները օրգանների կորուստներ չեն ունեցել:
Դեռ հինգ տարի առաջ Գարիկը կարծես կանխազգում էր, որ մեր երկրում արդարադատական համակարգի վրա մեծ հույսեր պետք չի դնել, եւ այդ ժամանակ ասել էր. «Եթե նրան պատասխանատվության չենթարկեն ու չմեկուսացնեն, նշանակում է՝ անպատիժ է մնալու, ու մենք պետք է ստիպված լինենք ամեն օր նրանից պաշտպանվելու սեփական միջոցներ ձեռնարկել: Նա մեր դեմ-դիմացի հարևանն է, ու եթե վաղը գա տուն՝ առանց պատժվելու, չգիտեմ՝ ինչ մտքերով ու ինչ արարքներով հանդես կգա»:
Իսկ հիմա արդեն անցել է հինգ տարի, որի ընթացքում դանակահարողը ազատ պտտվում է:
Գարիկ Հարությունյանը հիշեցնում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վերջերս ասում էր․ «Ուշացած արդարադատությունը գրեթե հավասարազոր է արդարադատության բացակայությանը»։ Մենք էլ ենք այդպես կարծում։ Դանակի հարվածների սպիները ու դանակահարողի ազատությունը՝ վկա։ Իսկ դանակահարողն ու նրա պաշտպանը ամեն հնարավոր առիթ օգտագործում են՝ դատական նիստերը հետաձգելու համար։ Դանակահարողի ազգականն էլ նախկին դատավոր Արտուշ Գաբրիելյանն է, որ հիմա դատվում է հենց դատական գործ ձգձգելու մեղադրանքով։ Տարօրինակ զուգադիպություն է, չէ՞։ Որ 5 տարի առաջ իմանայի՝ էսքան ձգձգվելու է, վրեժի ու ինքնադատաստանի տարբերակը էտքան հեռու չէր թվա»:
«Առավոտի» հարցին՝ արդյոք նման ձգձգումները մարդկանց մոտ չեն ամրապնդում արդարադատության հանդեպ անվստահությունը եւ չեն դրդում ինքնադատաստանի եւ ինքնիրավչության, Գարիկ Հարությունյանը պատասխանեց. «Արդարադատության այս համակարգը մշակված է այնպես, որ կարելի է երեք մարդու դանակահարել, հասցնել մահվան դուռ, ու մնալ անպատիժ, ու թող տուժողները իրենց պատեպատ տան՝ արդարադատության հասնելու համար։ Ու քանի որ դանակահարողը հենց հարևանն է, ի վերջո մեր շուրջը բոլորը տեսնում են սա․ մարդիկ տեսնում են, որ համակարգն ուղղակի չի աշխատում։ Մեզ, այո, հարցեր են տալիս՝ արժե՞ր հույսը դնել դատարանի վրա։ Ու մենք չենք կարող ուրիշներին ասել, որ այդպես վարվեն։ Ստացվում է, որ եթե դանակահարողը (հանցագործը, ամբաստանյալն) ես, ապա ունես արդար դատաքննության ու անմեղության կանխավարկածի իրավունք, իսկ եթե քեզ են դանակահարել, դու ոչինչ էլ չունես․ պիտի սպասես, ամեն անգամ վերհիշես ու քեզ անկարող զգաս անվերջ նիստերի ընթացքում»։
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ