ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.
Քանի որ իշխանությունները փորձում են Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ներկայացնել մեր հանրությանը որպես իրենց կողմից հաղթական մի նվաճում, արձանագրենք այս պահին եղած հետեւյալ սթափեցուցիչ իրողությունները.
- Այն, ինչ որ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ, ընդամենը` Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից, որովհետեւ Ադրբեջանը միևնույն է հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, շարունակում է օկուպացնել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները, հայ պատանդներ պահել բանտերում, ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը և արցախահայերի վերադարձի բոլոր հնարավորությունները, պետական մակարդակով ծավալապաշտական հայատյաց քարոզչություն իրականացնել եւ հավելյալ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Հայաստանի դեմ այս ոտնձգություններից հրաժարվելու որևէ պարտավորություն այս գործընթացում Ադրբեջանն իր վրա չի վերցնում:
- Փաստորեն, գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում:
- Անբացատրելիորեն, ստորագրումից արդեն 5 օր անց, չեն հրապարակվել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված երեք մեմորանդումները, որոնք մեր հանրությանը պետք է ներկայացնեին Թրամփի «միջանցքի» (դա հենց Թրամփի կողմից օգտագործված եզրույթն է) ստեղծման պայմաններն ու կարգավորումները, մինչդեռ, ըստ Reuters հեղինակավոր ինֆորմացիոն գործակալության, համաձայնությունը նախատեսում է 99 տարով ՀՀ տարածքի վարձակալություն ԱՄՆ-ի կողմից, որն էլ պետք է իր հերթին, այն վերավարձակալության իրավունքով հանձնի մասնավոր ընկերությանը, ինչը չի կարող այլ կերպ ընկալվել, քան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում:
- Այն վիճակը, որն ստիպում է Հայաստանին ընդունել Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր այս նվաստացուցիչ եւ, ինչն ավելի կարեւոր է, վնասարար պահանջները, ստեղծվել են հենց վարչապետ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավարության ընթացքում թույլ տրված կործանարար քաղաքական որոշումների հետեւանքով: 2018 թվականից ի վեր, անվերջ այս աղետների հեղինակ փաշինյանական ռեժիմը փորձում է այդ աղետների ընթացքը իբր վերջապես կանգնեցրած լինելու պատրանքը ներկայացնել որպես նվաճում, որն իրենց մաքրում է մեր ազգի գլխին բերած աղետների և կորուստների մեղավորությունից:
Հաշվի առնելով այս իրողությունները` իշխանական ռեժիմի քարոզչական այս արշավը այլ կերպ, քան բացահայտ ցինիզմի և խաբեության դրսևորում, որակել հնարավոր չէ:
Կարդացեք նաև