Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկներին սեփական միջոցներով հետազոտվելու հնարավորությունից զրկելու հիմնախնդիրը տարիներ շարունակ մնում է չլուծված

Օգոստոս 13,2025 18:45

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ ահազանգում է՝ զորակոչիկներին բժշկական հաստատություններում չի տրվում հնարավորություն իրենց սեփական միջոցներով անցնել առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտություններ։ 

Թեպետ այս հարցը բազմիցս բարձրաձայնել ենք թե՛ մեր հրապարակումներում(2024թ․-ի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիրները․ Զեկույց – Helsinki Citizens’ Assembly-Vanadzor) (2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑ – Helsinki Citizens’ Assembly-Vanadzor), թե՛ ՀՀ առողջապահության նախարարի և նախարարության աշխատակիցների հետ հանդիպումներին, լուծումները եղել են միայն անհատական դեպքերի համար․ ՀՔԱՎ միջնորդությամբ որոշ զորակոչիկներ կարողացել են հետազոտվել, բայց ընդհանուր, համակարգային փոփոխություններ դեռևս չեն կատարվել։

Հիվանդանոցները առաջնորդվում են նույն սկզբունքով․ «Առանց զինկոմիսարիատի ուղեգրի չենք հետազոտում»։

2025թ․ ամառային զորակոչի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներից մեկը հենց սեփական միջոցներով առողջական հետազոտություններ անցնելու անհնարինությունն է։ Կազմակերպություն դիմած մի շարք զորակոչիկներ բախվել են այս խնդրին․

Վերջին դեպքերից մեկով, զորակոչիկը ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) նիստին՝ զորակոչի շրջանակներում առողջական խնդրի վերաբերյալ  երկու տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրված,  միմյանցից էապես տարբերվող և զինվորական ծառայության համար զորակոչիկի պիտանիության որոշման հարցում էական նշանակություն ունեցող  ախտորոշումներով ․ ախտորոշումներից մեկի համաձայն նա պետք է ճանաչվեր ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայության համար, մյուսով՝ սահմանափակումով պիտանի։ Կազմակերպությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն և ՀՀ զինկոմիսարիատ՝ զորակոչիկին ստուգիչ բժշկական հետազոտության ենթարկելու հարցով։ Սակայն ԿԲՀ-ն մերժել է զորակոչիկին, հայտնելով, որ վերջինս ուներ 15 օր ինքնուրույն և սեփական ֆինանսական միջոցներով հետազոտվելու համար։ Ինչպես արդեն նշեցինք,  զորակոչիկի փորձերը սեփական միջոցներով հետազոտվելու մի քանի բժշկական կենտրոններում ապարդյուն են եղել․ բոլոր բժշկական հաստատությունները պահանջել են զինկոմիսարիատի ուղեգիր։ Բացի այդ, ԿԲՀ բժշկի մեկնաբանությամբ, այն ախտորոշումը, որով զորակոչիկը կարող է ճանաչվել ժամանակավորապես ոչ պիտանի, «սխալ է և հաշվի չի առնվի»։ Արդյունքում զորակոչիկը ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։

Կազմակերպությանը դիմած մեկ այլ զորակոչիկ ունեցել է առողջական խնդիրներ, դրանց մասին գանգատվել է Զորակոչային բժշկական հանձնաժողովին։ Վերջինիս առողջական հետազոտությունները թերի են իրականացվել, իսկ որոշները՝ առհասարակ չեն իրականացվել։ Խնդիրը Կազմակերպության կողմից ևս ներկայացվել է պաշտպանական գերատեսչությանը և ՀՀ զինկոմիսարիատին։ Սակայն օգոստոսի 12-ին կայացած ԿԲՀ նիստին բժիշկներից մեկը զորակոչիկին ասել է հետևյալը՝

«Կարող ա գիտես քեզ հավելյալ հետազոտությունների ենք ուղարկելու, քո վրա գումար ծախսենք, որ ոչ պիտանի ճանաչվես»։

Զինկոմիսարիատի և Զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկների հանդեպ դրսևորվող նման անհարգալից վարքագիծը, անտարբեր վերաբերմունքն անթույլատրելի է և, խախտում է անձանց առողջության պաշտպանվածության հիմնարար իրավունքը։ Բժիշկների կողմից ցուցաբերվող ոչ պատշաճ վերաբերմունքը և մասնագիտական պարտականությունների նկատմամբ թերացումը վտանգում են զորակոչիկների առողջությունը, խաթարում նրանց իրավունքների իրացում՝ նվազեցնելով թե՛ առողջապահական, թե՛ պաշտպանական համակարգի նկատմամբ վստահությունը։ Նման անհարգալից վերաբերմունքն ու գործելակերպը հակասում են ինչպես առողջապահական էթիկայի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին։

Հիշեցնենք, որ 2025 թ ամառային զորակոչը ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 31-ից հետաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։

Զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի արձանագրած խնդիրներին առավել մանրամասն կանդրադառնանք զորակոչի ավարտից հետո՝ ներկայացնելով առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և գործնականում առկա խնդիրների վերաբերյալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031