Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանն Իրանում ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիակատար հարգման շրջանակներում

Օգոստոս 13,2025 19:50

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:

Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Վահան Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան վերոնշյալ հռչակագրի տառին և ոգուն:

Կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակվել գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել մշտական երկխոսությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան շփումներին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031