Սույն թվականի օգոստոսի 11-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Նիլս Ուշակովսը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը և նույն հանձնաժողովի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Դան Բարնան Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Խորհրդարանականները կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և տեղահանված Ղարաբաղի հայերի չլուծված հարցերը կարգավորելու հրատապ անհրաժեշտությունը։
Միաժամանակ նշել են, որ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին հետևելը կօգնի սահմանազատման գործընթացի հետագա առաջընթացին և Ադրբեջանի զորքերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից լիարժեք դուրսբերմանը մոտ ապագայում։
Նրանք ողջունել են երկու պետությունների առաջնորդների հստակ հանձնառությունը հավատարիմ մնալու ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրին։
Կարդացեք նաև
Պատգամավորները բարձր են գնահատել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը, ինչպես նաև վերջին տարիներին հակամարտող պետությունների միջև կայացած բանակցությունները, որոնք իրականացվել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպական խորհրդարանի ջանքերով։
📌Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը բարձր է գնահատում Եվրոպական Խորհրդարանի և պատգամավորների հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների, անօրինաբար պահվող ռազմագերիների, մշակութային ժառանգության ոչնչացման դատապարտման հստակ քաղաքականությունը։
📌Մենք կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի հանցավոր գործողությունները դատապարտող մինչ այս ընդունված բանաձևերը, ի մասնավորի՝ «Հայ ռազմագերիների մասին» բանաձևը (2021թ․N 2693), «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» ԵԽԽՎ բանաձևը (2021 թ․), «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչնացման մասին» բանաձևը (2022թ․,N 2582), «Հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում բանաձևը» ( 2023թ․, N 2517), «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվությունը» և «Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան հաշվետվությունը» (2024թ․, N 2117)։
📌Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետևողական լինել Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանությանը, հայ ռազմագերիների ազատ արձակմանը, քանզի ըստ միջազգային հումանիտար իրավունքի դրույթների՝ ռազմագերիները պետք է վերադառնան իրենց հայրենիք և զերծ լինեն խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն