Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ և երկարամյա ազատազրկման է դատապարտվել հայերի օգտին լրտեսության մեղադրանքով, բանտից ահազանգել է առողջական վիճակի վատթարացման մասին։
Իր տատիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սամադովը փոխանցել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով ի վիճակի չէ մասնակցել այսօր նախատեսված դատական նիստին, հայտնում է Meydan TV-ն։
«Նա իրեն լավ չէր զգում։ Գլխավոր ասելիքն էր՝ եթե խաղաղության համաձայնագիր են ստորագրում, ապա ինչո՞ւ ինձ ազատ չեն արձակում», – Զիբեյդա Օսմանովայի խոսքերն է մեջբերում Meydan TV-ն։
Սամադովը ձերբակալվել է ուղիղ մեկ տարի առաջ, իսկ անցած հունիսին 15 տարվա ազատազրկման դատապարտվել Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Նա դատարանում պնդել է, որ ինքն անմեղ է և «աբսուրդ» է որակել «հայկական հատուկ ծառայություններին ինչ-որ տեղեկություններ փոխանցելու» իրեն վերագրվող մեղադրանքները, հիշեցնելով, որ վերջին վեց տարվա ընթացքում ինքը չի ապրել Ադրբեջանում ու չի տիրապետում պետական գաղտնիք համարվող որևէ գաղտնի տեղեկատվության։
Կարդացեք նաև
Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտը հայտնի է նաև իր հոդվածներով, որոնցում նա պարբերաբար քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան և հայերին էթնիկ զտման ենթարկելը։
«Ազատություն» ռ/կ