Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ. «Ժողովուրդ»

Օգոստոս 14,2025 10:30

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցությամբ գերազանցապես շահեց Ադրբեջանը, որտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Նկատենք, որ Խաղաղության պայմանագրում որևէ տեղ անդրադարձ չկա ՀՀ տարածքի ամբողջականության մասին, և ընդգրկված չէ նաև որևէ քարտեզ, թե որ քարտեզով է Ադրբեջանը ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը:

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այնպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը, աջակցումը, որը նպատակ ունի, ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը:

Սա ունի ռիսկեր, որ ՀՀ-ն նաև չի կարողանալու զինամթերք ձեռք բերել, քանի որ Ալիևը դա կարող է համարել վտանգ իր տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հարց է առաջանում՝ Ադրբեջանը, Հայաստան ասելով, ի՞նչ տարածք է հասկանում: Ադրբեջանի համար այսօր Հայաստանն ունի անկլավներ՝ ադրբեջանական հողեր, որը պետք է վերադարձվի իրենց: Ադրբեջանի կողմից նշված այդ տարածքները՝ անկլավները, գտնվում են Հայաստանի հիմնական ճանապարհներին մոտ: Եթե Հայաստան այդ անկլավները տրամադրի Ադրբեջանին, ապա կտրոհվի մեր տարածքային ամբողջականությունը և Հայաստանն էլ կհայտնվի շրջափակման մեջ:

​-Որևէ երրորդ կողմին թույլ չեն տալու օգտագործել իրենց տարածքը․ կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց: Ամբողջությամբ համապատասխանելով սույն համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններին՝ կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև, համաձայն հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգերի՝ կողմերի միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագրեր կնքելու նպատակով:

Ի՞նչ է սա ենթադրում: Սահմանազատման և սահմանագծման համաձայնագրով որոշվելու է նոր Հայաստանի սահմանը: Այսինքն՝ առաջին հոդվածը, որտեղ ասվում է՝ «մենք ճանաչում ենք Հայաստանի Հանարապետությունը», մնում է միայն թղթի վրա: Սահմանագծման գործընթացով բացվում են ՀՀ դռները Ադրբեջանի առջև: Դելիմիտացիայով ադրբեջանցիները գալու են և պահանջելու են տարածքներ, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պատերազմ կսկսեն՝ իրավական լեգիտիմ հիմքով:

-Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի:

Այսինքն՝ եվրոպական դիտորդները դուրս են գալու, որին ավելանալու է այն հանգամանքը, որ եթե անգամ հեռավոր ապագայում Հայաստանի ղեկավարները ցանկանան Սյունիքում ռազմաբազա տեղադրել կամ այն տարածքներում, որոնք հարակից են Ադրբեջանին, չեն կարող անել՝ վերոնշյալ կետի համաձայն:

Ըստ այս հոդվածի՝ Հայաստանը նույնիսկ ԱՄՆ-ի զորքերը չի կարող տեղակայել իր սահմանին, քանի որ պայմանավորվածությունը երկկողմ ձևաչափով է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ կարիք չունի երրորդ երկրի ուժերի: Իսկ ՀՀ-ն մնալու է սեփական զինծառայողների հույսով:

-Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Դրանց բոլոր դրսևորումներում յուրաքանչյուրն ունի իր իրավասության շրջանակներում:

Այսինքն՝ այս հոդվածով Հայաստանը մասնակից է դառնում, նպաստում է Բաքվի ռազմական դատարանում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությանը: Սույն հոդվածով՝ Հայաստանը անգամ չի կարող պահանջել հայ գերիների վերադարձը:

Այսպիսով՝ բոլոր զիջումների փոխարեն Հայաստանը չի ստանում ոչինչ․ միայն «խաղաղություն» վերնագրով փաստաթուղթ և կիսախոստումներ:

Արդյո՞ք այսպիսի «Խաղաղության պայմանագիր» պետք է Հայաստանին, որը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը՝ անկլավների հատվածները Ադրբեջանին հանձնելով՝ Տավուշի, Արարատի Վայոց ձորի մարզերից կոնկրետ տարածքներ, կորցնում եվրադիտորդներին, ռուսական ռազմաբազան, զենք գնելու, ինքնապաշտպանվելու արգելք ունենում:

Սա խաղաղությո՞ւն է, թե՞ կապիտուլյացիա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031