Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ չեք ճանաչում Փաշինյանի արդարադատությունը․ Զատուլին

Օգոստոս 14,2025 12:51

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի տելեգրամյան գրառումը.

«Այս շաբաթվա սկզբին հասունացան պաշտոնական «ծիլերն» այն գործարքի, որը Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանի հետ կնքեց Վաշինգտոնում:

Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 11-ին, երկու բարեկամական արտգործնախարարությունները հրապարակեցին իրենց ղեկավարների կողմից նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը։

«Նախաստորագրման» և «հրապարակման» միջև եռօրյա դադարը, ըստ ամենայնի, անհրաժեշտ է եղել իրարանցումը ցրելու համար (կամ, հնարավոր է, Հայաստանի և Ադրբեջանի պետական լեզուներով թարգմանելու համար, որոնք Սպիտակ տան տերը չգիտի)։

Հետաքրքիր է, որ համաձայնագրի XVII եզրափակիչ հոդվածում ասվում է, որ «բոլոր տեքստերն ունեն հավասար ուժ։ Տարաձայնությունների դեպքում առավելություն ունի անգլերեն տեքստը»։

Ես արդեն մեկնաբանել եմ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների փաստը, որոնք պետք է ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակ բերեն (իսկապես, մրցանակը  Գազայի պատերազմի կամ Իրանի ռմբակոծության համար չէ, որ կշնորհեն)։

Բոլոր շռայլ բառերն ու ծաղկեփնջերն արդեն հասել են իրենց հասցեատերերին, հատկապես Անդրկովկասի երջանիկ հանրապետությունների պալատական մամուլում, հեռուստատեսությունում և ինտերնետում։ Ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և այլնի վերաբերյալ հրապարակային չարախնդությունը՝ «որոնց քթերը գրսեցին»։

Իսկ որպես Ռուսաստանում մեր թշնամական մտադրությունների և մասնակիցների հանդեպ խանդի ապացույց՝ մեջբերվում են մեր, այդ թվում՝ իմ, մեկնաբանությունները` խեղաթյուրված ու աղավաղված։

Մասնավորապես, եթե հավատանք սեփական իշխանությունների հայ-ադրբեջանական համակիրներին՝ ես պնդում եմ, որ «Կովկասում կայուն խաղաղությունը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»: Ինչպես նաև՝ Երևանի։

Ես ոչ միայն նման բան չեմ ասել, այլև երբեք չեմ հավատացել դրան: Հենց Ռուսաստանի շահերին է համապատասխանում Կովկասում երկարատև խաղաղությունը, ինչում կարելի էր համոզվել Խորհրդային Միության փլուզումից առաջ և հետո:

Հենց խաղաղությունն է համապատասխանում մեր շահերին, այլ ոչ թե այն կեղծիքը, որը, եթե լիովին իրականացվի՝ անարդարության վրա հիմնված, հանգեցնում է ոմանց (Ադրբեջանի և Թուրքիայի) նկրտումների սուբլիմացիային և մյուսների (Հայաստանի) ազգային արժանապատվության վերջնական կորստին:

Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև նման արդար խաղաղության էր ձգտում՝ խաղաղ ճանապարհով (ի դեպ, այժմ արդեն նախատված Մինսկի խմբի մյուս մասնակիցների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին):

Ադրբեջանն ու Թուրքիան նախընտրեցին պատերազմը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ յուրայինների դավաճանությունը Ղարաբաղում, որի ինքնորոշման իրավունքը և հատուկ վարչական կարգավիճակը կասկածի տակ չէին դնում Խորհրդային Միությունում. այն գոյություն ուներ Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տեսքով։

Այս ամենն աղբարկղ նետվեց և դրանում գլխավոր օգնական հանդես եկավ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անսովոր համեստություն է դրսևորում նույնիսկ այնպիսի մանրուքներում, ինչպիսիք են իրենց հողերից վտարված արցախահայերի կամ Բաքվի կողմից գերության մեջ պահվող ԼՂՀ ղեկավարների ճակատագիրը։ Էլ չնշենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունից հրաժարվելու մասին։

Մենք՝ Ռուսաստանում, ցանկանալով զարգացնել կապերը և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, մեզ համար հնարավոր չենք համարել առևտուր անել այդ պատմական ճշմարտությամբ։ Պարոն Փաշինյանը վեր է նման նախապաշարմունքներից։ Ինչպիսի՛ հիացմունք են զգում այս կապակցությամբ նրա հետևորդները, ինչպիսիք են «Բաղրամյան 26»-ի տելեգրամյան ալիքը կամ խորհրդարանում ծեծված Արարատ Միրզոյանը, որն այժմ Հայաստանի արտգործնախարարն է։

Այս նույն շաբաթ մենք իմացանք, որ Հայաստանի վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Միամիտ իդեալիստները շտապել են շնորհավորել իրենց և նրա հարազատներին արդարության հաղթանակի առթիվ՝ վստահեցնելով, որ Սամվելին րոպեներ անց ազատ կարձակեն բանտից։

Դուք լավ չեք ճանաչում Փաշինյանի արդարադատությունը։ Օգոստոսի 16-ին դատական նիստ է նշանակվել Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու համար՝ օգոստոսի 17-ին առաջին երկամսյա ժամկետը լրանալու կապակցությամբ։

Ուռա, ուռա, Կովկասում երկարատև խաղաղության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031