Aravot.am-ը «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի գործադիր մարմնի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Թեւոսյանին հարցեր էր ուղղել: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ արդեն մի քանի ամիս է, ինչ ստեղծվել է «Հանրօգուտ մեդիա միջավայր» հիմնադրամը, որը պետք է դրամաշնորհների միջոցով խրախուսի հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում, ինչո՞ւ մինչ այժմ որեւէ մրցույթ չի հայտարարվել, որեւէ հեռուստաընկերություն չի ստացել աջակցություն: Նաեւ հարցրել էինք, թե ինչ չափանիշներով են առաջնորդվելու աջակցությունը տրամադրելիս, ինչպես են չափելու ներկայացվող բովանդակության հանրօգուտ լինելը, որքան է հիմնադրամի բյուջեն, եւ առաջարկվող նախագծերը քանի տոկոսով են ֆինանսավորվելու:
Քանի որ Կառավարության 17 ապրիլի 2025 թվականի N 742-Ա որոշմամբ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, շենք է տրամադրվել Գ. Հովսեփյան 95 հասցեում, հետաքրքրվել էինք՝ կարելի՞ է համարել, որ ամիսներ շարունակ հիմնադրամը ոչինչ չի արել, բայց աշխատավարձ են ստացել, կամ, եթե ինչ-ինչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, խնդրել էինք մանրամասնել:
Վահագն Թեւոսյանը՝ ի պատասխան այս բոլոր հարցերի նշել է. «Ընթացակարգը խորհրդի կողմից հաստատվելուց հետո կհայտարարվի հիմնադրամի տնօրենի ընտրության մրցույթ։ Մրցույթով ընտրված տնօրենն իր նշանակումից հետո միայն կկարողանա ուսումնասիրել հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ծավալը, սահմանել հաստիքացուցակ, կազմել բյուջե, հաստատում ստանալ խորհրդի կողմից, նոր միայն ֆինանսավորման հայտ ներկայացնել։ Սրանից բխում է, որ հիմնադրամն այս պահին, իր ձեւավորման փուլով պայմանավորված, դեռևս ֆինանսավորում չունի, եւ ժամանակավոր կառավարչի՝ հիմնադրամը կազմակերպող գործունեությունը նույնպես չի վարձատրվում;
Ինչ վերաբերում է դրամաշնորհային մրցույթների ընթացակարգերին, ապա դրանց մշակումը եւս հնարավոր կդառնա միայն տնօրենի ընտրությունից, նշանակումից եւ աշխատակազմի ձեւավորումից հետո։ Մշակված ընթացակարգերն էլ դեռ պետք է հաստատվեն խորհրդի կողմից»։
Կարդացեք նաև
Մեր մեկ այլ հարցին՝ տարբեր հրապարակումներ եղան, որ ի դեմս «Հանրօգուտ մեդիա միջավայր» հիմնադրամի՝ մինի ԱՆԻՖ է ստեղծվել, ինչ կարծիքի է, տեղի՞ն են նման մտահոգությունները, Վահագն Թեւոսյանն այսպես է արձագանքել. «Սիրով և մանրամասնորեն կպատասխանեմ կոնկրետ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի գործունեության հետ կապված մտահոգություններին, եթե դրանց համար արդեն բավարար հիմքեր եք տեսնում»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Վահագն Թեւոսյանը թողել էր Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի իր պաշտոնը՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամում գործունեություն ծավալելու համար: Նա Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր դարձել 2021թ. փետրվարին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ