ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց, եւ դատական նիստն ավարտվեց։ Հակակոռուպցիոն դատարանից հեռացող Հովիկ Աբրահամյանին լրագրողները կրկին փորձեցին հարցեր ուղղել:
«Քաղաքական հարցեր չտաք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ չպատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք արդա՞ր է այն ամենը, ինչ իրականացվում է իր սանիկի՝ Սամվել Կարապետյանի հանդեպ: «Չեմ պատրաստվում պատասխանել քաղաքական հարցերի»,-շարունակեց պնդել նախկին վարչապետը:
Հարցին՝ Սամվել Կարապետյանի հետ կապված ոչ մի հավաքի ինչո՞ւ ներկա չի եղել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ պատճառն իր՝ վարչական կալանքի տակ գտնվելն է: Ձեր սանիկն է դատարանի առաջ կանգնում, չի՞ անհանգստացնում Ձեզ, կրկին նրան հարց տվեցին լրագրողները: «Անհանգստացնում է՝ ցանկացած անարդար որոշում պատժվելու է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա չպատասխանեց վաշինգտոնյան փաստաթղթերի ու պայմանավորվածությունների, քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ եւ այլ հարցերի՝ պատճառաբանելով, որ ուզում է մի քանի րոպե շփվել փաստաբանի հետ, ապա նստեց մեքենան ու հեռացավ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Տեսանյութն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ