ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստում հաստատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:
Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այն նպատակ ունի ստեղծել միասնական և համակարգված մոտեցում կիբեռմիջադեպերի կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման համար՝ հիմնվելով պետություն-մասնավոր հատվածի սերտ համագործակցության վրա: Փաթեթով կարգավորվում են նաև միասնական թվայնացված միջավայրի ստեղծման և բաց տվյալների քաղաքականության ներդրմանն առնչվող հարցերը:
Նշվել է, որ փաթեթը անցել է երկարատև և բարդ քննարկումների փուլ, որոնցում ներգրավված են եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտային միություններ, անկախ փորձագետներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական գերատեսչություններ։
Նախարար Հայրապետյանը, անդրադառնալով նախագծերի փաթեթում ներկայացված օրենքներին, մանրամասնել է յուրաքանչյուրի կարգավորման առարկան, նպատակն ու կարևորությունը։
Կարդացեք նաև
««Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Սահմանվում են չափանիշներ՝ հիմնված ռիսկերի և ազդեցության գնահատման վրա, ինչպես նաև որոշակի ստանդարտներ, որոնք պարտադիր են պետական կառույցների, հանրային ոլորտի և քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների համար»,- նշել է նախարարն՝ ընդգծելով, որ դա չի նշանակում հրաժարվել ազգային ստանդարտների մշակման և ներդրման գաղափարից։
Իր ելույթում նախարարը ներկայացրել է, որ ստեղծվելու է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը գործելու է ինքնավար մարմնի կարգավիճակով, իսկ անդամներն ընտրվելու են ՀՀ ազգային ժողովի կողմից։
Անդրադառնալով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքին՝ նախարարը նշել է, որ դրանով ուրվագծվում է պետական թվային ճարտարապետությունը և ներդրվում է տվյալների կառավարման նոր քաղաքականություն:
Նախագծերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։
Ամփոփելով իր ելույթը՝ Մխիթար Հայրապետյանը կարևորել է հասարակության կիբեռգրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Ավելին՝ տեսանյութում