Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգի հարցերից մեկը քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատումն էր։ Ներկայացված ծրագրի շուրջ բավական բուռն քննարկում տեղի ունեցավ, քննադատություններ հնչեցին։
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն հանեց օրակարգից՝ լրամշակելու, առաջարկություններն ու դիտարկումները տասնօրյա ժամկետում ներառելու ու նոր միայն ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։
Քաղաքի հնգամյա զարգացման ծրագիրը ներկայացնելիս՝ շեշտվեց, որ Գյումրին դարձնելու են ավելի զարգացած, անվտանգ ու մարդակենտրոն քաղաք։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը փաստաթուղթը համարեց գեղեցիկ շարադրված, սակայն նկատեց՝ Յուրի Վարդանյանի անվան պուրակի հիմնումը ներառված է ծրագրում, բայց հողամասը օտարված է։
Կարդացեք նաև
«Այդ օտարված հողամասի վրա նախկին իշխանությունները սուբվենցիոն ծրագրով իրականացրել են բարեկարգման, կառուցապատման ծրագիր, հիմա կիսատ է մնացել, էդ հողը, եթե չեմ սխալվում 2005 թվին է օտարվել։ Այսինքն էստեղ խնդիր կա, մենք ներառել ենք ծրագրում, բայց հողն օտարված է, սեփականության իրավունքով պատկանում է ֆիզիկական անձի, մենք կառուցում ենք պուրակ»,- ասաց Սարիկ Մինասյանը։
Անդրադառնալով սպորտդպրոցներին, երաժշտական դպրոցներին՝ նա ասաց, որ գրեթե բոլոր կառույցներում եղել է, դրանց 80 տոկոսը քայքայված է, անմխիթար վիճակում է գտնվում, նա առաջարկեց զարգացման ծրագրում նշել, թե կոնկրետ որ տարում՝ քանի դպրոց են վերանորոգելու։
«Մենք քաղաքը վերջին տարիներին տուրիզմի զարգացման ուղու վրա է, այլ հետաքրքրություններ ստեղծել, որ մարդիկ գան Գյումրի, այդ առումով շատ թույլ, կոնկրետ թիրախային բաներ չտեսանք»,- ասաց Սարիկ Մինասյանը։
Նա նաև նշեց, որ պիտի ներառել՝ ինչպիսի ծրագրեր ենք ունենալու քաղաքի տրանսպորտային պարկը թարմացնելու համար, նոր ավտոբուսներ ունենալո՞ւ են, գյումրեցիները հարմարավետ տրանսպորտով կարողանալո՞ւ են տեղաշարժվել, թե՞ ոչ։
Սարիկ Մինասյանի հարցադրումներին անձամբ պատասխանեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Յուրի Վարդանյանի պուրակը հետ կապված Վարդան Ղուկասյանը նշեց, որ հետևողական կլինեն ու տվյալ քաղաքացու հետ հարցը կլուծեն, հայտարարի կգան։
Իսկ սպորտդպրոցների, մանկապարտեզների անմխիթար վիճակի հետ կապված Վարդան Ղուկասյանն ասաց․ «Ինչպես տեսնում եք՝ Գյումրի քաղաքի բյուջեն առ ոչինչ է, հանրապետական բյուջեից պետք է մասհանումներ անեն շատ լուրջ գումարներ, որպեսզի Գյումրին կարողանա գոյատևել։
37 տարի մենք ասում ենք՝ ամենաանապահով խավն ապրում է Գյումրիում, երկրի բյուջեից 2026 թվականին նախատեսել են 4 միլիարդ 550 միլիոն, ինչքան գիտեմ, դոտացիայի մասով, որը շատ քիչ է։
Ես անցած անգամ իմ ելույթի ժամանակ ասացի՝ պատկերացրեք, Արտաշատին տալիս են 6 միլիարդ, Արտաշատը որ 20 հազար բնակչություն չունի, բայց այնտեղ ի նկատի են ունեցել, որ գյուղական համայնքները համակենտրոնացվել են, և 6 միլիարդ տալիս են Արտաշատին։
Մոտավորապես 4 միլիարդ տալիս են Մեծամորին, չնայած շատ քիչ էլ տալիս են։ Դրանք առ ոչինչ գումարներ են, որոնք համայնքներին տալիս են։ Ասեմ, որ Սովետական Միության 15 հանրապետությունների մեջ ամենաքիչ գումարը ՏԻՄ մարմիններին տալիս է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ աշխարհում է ամենաքիչը տալիս, որը խայտառակություն է։
Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի, որ զարթնում է, ասում է՝ գնամ քաղաքապետարան, իմ հոգսը, իմ պրոբլեմս ներկայացնեմ, բայց էս չեղած գումարներով մենք աշխատավարձ բարձրացնենք, սպորտդպրոց պահենք՝ 17 հատ, երաժշտական դպրոց, նախակրթարաններ, փողոց, լուսատու, սանմաքրում։
Մի խոսքով, սա շատ քիչ է, կարելի է հնգամյա ծրագրի մեջ էնքան բան առաջարկել, բայց գումարների մասին պիտի ասենք՝ որտեղից։ Դրա համար ես հիմա դիմել եմ ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի խմբակցություններին՝ դիմություն, ընդդիմություն, որ կարողանան որոշակի մասհանումներ անեն աղետի գոտու՝ հենց Գյումրի քաղաքի նկատմամբ մանավանդ։ Ես կարող եմ ասել, որ մնացած քաղաքներն էլ բարվոք վիճակում չեն։ Էնքան բան կա ասելու, բայց պետք է ասենք՝ աղբյուրը որտեղից։
Օրինակ՝ հենց հիմա ես դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, որ մանկավարժական ինստիտուտը 2022 թվականին տվել են մինչև 35 թվականը ինկուբացիոն կենտրոնի, որն ամիսը 50 հազար դոլար փող է աշխատում վարձակալություններով, բայց պետությանը մուծում է շատ չնչին գումար, իսկ մենք ասել ենք, մեր քաղաքի ինստիտուտը տվեք Գյումրու քաղաքապետարանին, եթե էդպես է, թողեք շահույթը ստանա Գյումրու քաղաքապետարանը, բյուջեն ավելացնի, որովհետև էսքան խնդիրներ ունենք, էսքան պրոբլեմներ ունենք», -ասաց Վարդան Ղուկասյանը։
Ավագանու գրեթե բոլոր խմբակցությունների ղեկավարներն ու անդամները քննադատեցին քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը։ ՔՊ-ն, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու։
Վարդան Ղուկասյանը հանեց հարցը օրակարգից՝ առաջարկելով տասնօրյա ժամկետում վերանայել ու ներառել խմբակցությունների առաջարկությունները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ