Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյանը, ամուսինն ու վերջինիս ծնողները մեղադրյալի կարգավիճակ ունեն. «Հետք»

Օգոստոս 14,2025 19:55

Մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ «Հետքի» տեղեկություններով՝ նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ նախաքննությունը շուտով կավարտվի, և գործը կուղարկվի դատարան։

Հիշեցնենք՝ քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:

Դիանա Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են  2025թ. մայիսի 27-ին՝ դիմումի համաձայն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ուսումնասիրելով հրապարակումը, նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար: Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031