«Ազատ խոսքի, ոչինչ չասելու համար մարդուն երկու ամսով կալանավորել, մի բան ասելու համար, որը 1700- ամյա պատմություն ունի հայ ժողովրդի կենսագրության մեջ, անձին կալանավորվել, ինձ թվում է՝ տարօրինակ էլ չէ, աբսուրդ էլ չէ․ ուղղակի անհասկանալի է»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ եթե լիներ արդարադատություն և արդար դատավարություն, ոչ Սամվել Կարապետյանը կգտնվեր բանտարկության մեջ, ոչ էլ իրենք այստեղ կգտնվեին․ «Բայց քանի որ արդարադատության հետ գործ չունենք, ակնկալիքների մասին խոսելը ցանկությունների դաշտից կլինի։ Իրականությունն ինչպիսին կլինի, դժվար է ասել»։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ է տալու ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ՀՀ-ին, Արտակ Զաքարյանը պատասխանեց․ «Անկեղծ ասեմ՝ համաձայնագրի՝ նախաստորագրված տարբերակը երևի մի հինգ անգամ կարդացել եմ, փորձել եմ լավ բան գտնել։ Երկու հոդվածում լավ բան տեսել եմ։ Առաջին հոդվածի առաջին պարբերությունը, որտեղ նշվում է, որ նպատակը հարաբերությունները խաղաղության տանելն է և վերջին հոդվածը՝ ըստ որի՝ պետք է ՄԱԿ-ի կանոնանդրության 102-րդ կետի համաձայն ՄԱԿ-ի ռեեստրում գրանցվի համաձայնագիրը։ Մնացած ամեն ինչը պարունակում է վտանգներ, և այնտեղ խաղաղության մասին խոսք տեսնել ուղղակի հնարավոր չէ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ