«Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Ուզո՞ւմ եք այդպիսի խաղաղություն»,-«Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ժամանակ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ի պատասխան խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հետ կապված հարցերին՝ այսպես հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց՝ Սամվել Կարապետյանին հայտնում են իրենց համերաշխությունը․ «Բոլորս մեկ մարդու նման պետք է կանգնենք Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների թիկունքին, առաջին հերթին Բաքվում մեր քաղբանտարկյալների թիկունքին։ Սամվել Կարապետյանը, որ նստած է, միայն իր խնդիրը չէ։ Նա էլ կարող էր ուրիշների նման հով, զով, հանգիստ ապրել։ Բայց նա ամեն ինչը թողել, եկել եկեղեցու, իր հայրենիքի համար պայքարում է։ Նրա պայքարը պետք է օրինակ լինի յուրաքանչյուր հայորդու համար»։
Անդրադառնալով արտաքին քաղաքական թեմաներին և մասնավորապես խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին, Էդուարդ Շարմազանովը փաստեց․ «Սահմանադրությունն առանց հայ ժողովրդի քվեարկության ոչ մեկ չի կարող փոխել»։
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ այն ժամանակ, որ ասում էինք՝ բոլորդ եկեք, միավորվեք, թույլ մի տվեք, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ասում էիք՝ նախկիններն են, ներկաներն են․ «Չկա նախկին-ներկա, կա ազգային ու ապազգային, կա Արցախի ու ՀՀ-ի ջատագով և կա Թուրքիայի ու Ադրբեջանի ջատագով։ Եթե նախկինը Արցախն է, ես նախկին եմ։ Հարց կա՞։ Բա ներկա՞ն է նորմալ․ թուրքերի տակ կզած ապրե՞լն է նորմալ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ