Լրահոս
Օրվա լրահոսը

«էս պալատի մեջ, որ նստած եք, էս տղայի շնորհիվ է․ ոչ մի բան չարած տեղերը ուզում են քննադատեն»․ Վարդան Ղուկասյանը՝ իրեն քննադատողներին

Օգոստոս 14,2025 22:30

Տեղեկացրել ենք, որ այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավագանու նիստի օրակարգից հանեց քաղաքի հնգամյա զարգացման ծրագիրը, քանի որ այն բավական բուռն քննադատությունների արժանացավ։

Վարդան Ղուկասյանը, սակայն, հարկ համարեց պատասխանել իրեն քննադատողներին։

Նա մեջբերեց մի պատմություն՝ կապված Միքելանջելոյի հետ։

«Միքելանջելոն մի ցուցահանդեսի է մասնակցում, ներկայացնում, ասում՝ այս նկարը, որ նկարել եմ՝ Հիսուս Քրիստոսն է, մեղայ Աստծո, Աստված։

Անցնում է 3 տարի, նորից է մասնակցում ցուցահանդեսի, մի նկար է ներկայացնում, ասում է՝ Հուդան է։ Մի տարիքով մարդ է լինում, ասում է, բայց դուք 3, թե 4 տարի առաջ ներկայացրեցիք Հիսուս Քրիստոսին, ասում է՝ դե կարևորը ներկայացնելն է։

Մի բան ասեմ ձեզ, ես անցած անգամ իմ ելույթի մեջ ասել եմ, հիմա էլ ուզում եմ ասեմ․ Երևանի բյուջեն 160 միլիարդ դրամ է, Գյումրիի բյուջեն՝ 7 միլիարդ։ Աշխարհում չկա մի երկիր, որտեղ մայրաքաղաքը երկրորդ քաղաքից էդքան տարբերություն ունենա։

Դրա համար ես գիշեր-ցերեկ բարձրաձայնում եմ, ասում եմ ՝ էս մոտեցումը խայտառակ մոտեցում է, բոլոր ձևավորված կառավարություններին եմ ասել՝ էն թվերից եմ ասել մինչև էսօր»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա նշեց, որ գումարների տեղերը գիտի, դրա համար էլ քաղաքային բյուջեն ավելացել է 1 միլիարդ 100 միլիոն դրամով։ Սակայն, ըստ Վարդան Ղուկասյանի, գտնում է, որ դա քիչ է և նորից աշխատում են ավելացնելու ուղղությամբ։

«Մեծահարուստների մոտ 30 տոկոսը իրենց ունեցած սեփականության գույքահարկը շատ քիչ են գնահատել տվել։ Մենք հիմա ուղարկել ենք կադաստր, թե այ էս, էն անուն-ազգանունների գույքահարկի ճշտում արեք։ Իրենք ճշտում են արել, մի քանիսին ուղարկել, հիմա մենք 3 հարյուր ենք ուղարկել, 3 հարյուր քաղաքացու գույքահարկի մասին է խոսքը։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան գումարների մասին է խոսքը։ Բացի դրանից, այ հիմա, որ ասեք գումարները որտեղ են, նորից կարող եմ ասել, այ հիմա մանկավարժական ինստիտուտը որ տան, ամեն ամիս մենք միայն էդտեղից 50 հազար դոլար գումար կբերենք, այ, որ ստադիոնը 200 դոլարով ամսական չտան, այլ տան մինիմում 5 միլիոն գումար, մենք դա անպայման անելու ենք, որովհետև պայմանագիրը սխալ է կնքված», -ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա, հերթով թվարկելով գումարների տեղերը, նաև անդրադարձավ իրեն հասեցագրված այն քննադատությանը, թե 13 տարի քաղաքապետ է եղել։

«Ինչ մնում է քաղաքի հետ կապված, որ ասում են՝ երկար տարիներ դուք աշխատել եք, էս պալատի մեջ, որ նստած եք, էս տղայի շնորհիվ է, 17 հազար բնակարան, որ մարդիկ ստացել են, էս մարդու շնորհիվ է, 300 միլիոնանոց բյուջեն էն ժամանակ որ սարքել են 4 միլիարդ, էս տղայի շնորհիվ է։

Հիմա էդ ծրագրերը, որ անտեր ու դուրս թափված եկել եմ, ոչ մի բան չկա․ հավաքում եմ օդի միջից, բերում, դնում եմ, տարբեր ծրագրեր եմ իրականացնում, որ կարողանան աշխատել մարդիկ, էս անեն, էն անեն, մեր շնորհիվ է։

Մի խոսքով, հետո գնահատականը ժողովուրդն է տալիս։

Եթե մարդիկ քաղաքական ինչ-որ բանից դուրս եկած՝ չեն ուզում տեսնել կամ ընդհանրապես ոչ մի բան չարած՝ ուզում են մեղադրել այնպիսի մարդու, ոնց որ ազգային հերոսներին սարքեցին չգիտեմ ինչ, ոնց որ մնացածներին, հասկացա՞ք, ոչ մի տեղ բան չկա, բացի մի քանիսից։

Մենք ենք ճիշտ, սաղ գող, ավազակ են, աշխատանքային հերոսներ չկան, պատերազմի հերոսներ չկան։ Եթե էդքան բանը չեն տեսնում ու ուզում են բան չարած տեղը, ինքը կյանքում ոչ մի բան չի արել, Ծառուկյան Գագիկը լավ մեկին ասեց՝ ասա, ի՞նչ ես արել, մի խոսքով լավ․․․

Մենք շատ չենք էլ անդրադառնում, բայց քաղաք սարքողն այլ բան է, ուղղակի ուզենալ քննադատելն այլ բան է, չնայած էդ է քաղաքականությունը, մենք էլ վատ չենք տանում։

Դրա համար էլ հինգ անգամ ընտրվել եմ քաղաքապետ՝ առանց փող բաժանելու, առանց պետական հովանավորության, առանց «Հանրապետական» կուսակցության «պադեռժկա» անելու, մի բան էլ ինձ դեմ են եղել էն ժամանակ։ Այսինքն՝ դա գնահատական է աշխատանքի, որ ժողովուրդը տվել է, երկու անգամ էլ Ազգային ժողովի պատգամավոր։

Հլը վեց անգամ ՝ 1996 թվականին էլ ՀՀՇ-ին ենք հաղթել… 3 տարեկան էի, ինչ ասեմ էլ, մնացածն էլ, առաջ Աստված»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031