«Ամենազարմանալին նա է, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներից դատարանն, ըստ էության, գտել է, որ հիմնավոր կասկածն առկա է կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ մյուս մեղադրանքները, որոնք ևս առաջադրվել էին, արձանագրված է, որ դրանցում բացակայում է հիմնավոր կասկածը», – ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Լիաննա Գասպարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Տիգրան Դավթյանի, բավարարեց քննիչի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգեց «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Դատական նիստը մեկնարկել էր օգոստոսի 14-ին՝ ժամը 17։30-ին։ Տասնից ավելի ժամ տևած դատական նիստից հետո առավոտյան ժամը 06։30-ին դատարանը հրապարակեց որոշումը։
Դատարանի բակում հավաքված մարդկանց բազմությունը, թեև ուշ գիշերին, բայց ժամեր շարունակ չէր հեռանում՝ սպասելով վճռին։ Պարբերաբար «Ազատություն», «Սամվել, Սամվել» գոչելով՝ մարդիկ շարունակում էին սպասել և իրենց աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Լիաննա Գասպարյանը վստահեցրեց՝ հենց վաղը դիմելու են Վերաքննիչ քրեական դատարան․ հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու։ Նա տեղեկացրեց, որ դատարանն արձանագրել է կալանքի հիմքեր՝ փախուստը և խոչընդոտելու հիմքը, սակայն բացառել է կրկին նոր արարք կատարելու հիմքը։
Լրագրողների դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանը չի զբաղեցնում պետական պաշտոն, ինչպե՞ս պետք է խոչընդոտի քննությանը, փաստաբանն այսպես արձագանքեց․ «Զբաղեցներ թե ոչ, որևէ կերպ չէր կարող և ցանկություն չուներ խոչընդոտելու գործին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ