Իրանը չի հավատում ՀՀ իշխանությունների բանավոր հավաստիացումներին, քանի դեռ ճանապարհը չի գործարկվել, իսկ համաձայնագրի որոշ ձեւակերպումներ կասկածի տեղիք են տալիս, որ այն միջանցք է։ Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին կարծում է, որ անգամ նախագահ Մասուդ Փեզեշքիանի` Հայաստան այցի ընթացքում գուցե չպարզաբանվեն այդ հարցերը, քանի դեռ ճանապարհը չի գործարկվել, իսկ իրենց աչքի առջեւ ունեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հետագայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց․ «Պետք է այդ ծրագիրն իրագործվի, որ հասկանալի դառնա` ինչի հետ գործ ունենք։ Եթե գործ ունենք միջանցքի եւ Հայաստանի սուվերենության խախտման, տարածքային ամբողջականության խախտման եւ ՀՀ-ի՝ իր ճանապարհի վրա հսկողության բացակայության հետ, ապա դա Իրանի համար կարմիր գիծ է, որի մասին միշտ է հայտարարել, եւ կլինի կոշտ դիմադրություն, ու թույլ չի տա, որ այդ ծրագիրը կյանքի կոչվի»։ Իշխանությունների հավաստիացումները, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, եւ համաձայնագրում արված ձեւակերպումը՝ հաղորդակցությունների բացում` «հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա», քաղաքագետի խոսքով, դեռ երաշխիք չեն, որ միջանցք չի լինելու․ «Նույն այդ կետում կա ձեւակերպում՝ անխոչընդոտ հաղորդակցության մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ադրբեջանցիները մաքսային հսկողության չեն ենթարկվելու, մենք տեսել ենք, թե Իլհամ Ալիեւն ինչպես է կարողանում գրված բաները նենգափոխել, գուցե այս դեպքում էլ է պահանջ դրվելու, որ ճանապարհին ո՛չ ռեժիմ է գործելու, ո՛չ էլ սահմանապահներ, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթին տրվեց այլ մեկնաբանություն։ Եթե անխոչընդոտ է, ուրեմն խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Իրան-Հայաստան կապն է խանգարվելու, որովհետեւ, եթե Հայաստանը չի վերահսկելու իր ճանապարհները, եւ դա անելու են այլ ուժեր, ապա կնշանակի գեոպոլիտիկ փոփոխություն, սահմանների խախտում։ Բացի այդ՝ մենք չգիտենք, թե ամերիկյան ընկերության հետեւում ովքեր են, ովքեր են լինելու բաժնետերերը, աշխատողներն ովքեր են լինելու, գուցե ամերիկյան զինվորականներից ու հատուկ ծառայությունների՞ց են աշխատողներ բերելու։ Մենք այս եւ նման այլ հարցերի պատասխաններ չգիտենք, այդ պատճառով էլ Իրանը խորապես մտահոգված է այս հարցերով։ Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ինքնին շահերի բախում եւ հակասություններ կարող է առաջացնել, ինչը հետագայում բախումներ եւ խնդիրներ կարող է առաջացնել։ Հայաստանը փորձում է, իհարկե, պարզաբանումներ տալ, բայց ժամանակի ընթացքում կպարզվի՝ դրանք այդպե՞ս են, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ եթե միջանցք, մենք դեմ ենք, բայց եթե իսկապես ապաշրջափակված ճանապարհ` դեմ չենք, իրական ապաշրջափակումը, այո, կարող է օգուտ լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
Տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, քաղաքագետի խոսքով, 2020 թվականի պատերազմով արդեն իսկ փլուզվել է, իսկ միջանցքն աղետաբեր է լինելու․ «2020 թվականին անվտանգության ճարտարապետության փլուզումից հետո տարածաշրջանում առանց այն էլ լրջագույն խնդիրներ են ի հայտ եկել, ուժային բալանսը խախտվել է հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Իրանի մրցակից Թուրքիայի ազդեցությունը մեծացել է, եթե Իրանի դիրքերն ամուր լինեն, ապա դա միայն զսպող գործոն է լինելու Հայաստանի օգտին, որպեսզի այլ երկրների շահերն այստեղ առաջ չմղվեն»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: