Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն նախորդ տարի՝ 2024 թ.-ին, այս իշխանությունը 2,5 միլիարդ դրամի նոր մեքենաներ է ձեռք բերել. Աննա Գրիգորյան. «Հրապարակ»

Օգոստոս 15,2025 11:28

Պարզվում է, Արփինե Սարգսյանին սպասարկող մեքենան մաշված է՝ 2014 թվականի է, ու, ինչպես որոշման հիմնավորման մեջ է նշվում, դարձել է ոչ հուսալի։ Ու քանի որ նա՝ որպես ՆԳ նախարար, նաեւ Անվտանգության խորհրդի անդամ է, որոշել են նրա անվտանգության նկատառումներից ելնելով՝ 48 մլն 400 հազար դրամ վերցնել նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից ու մեքենա գնել:

Երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը, հիշեցնենք, պնդում էր, որ Հայաստանը «պադավատապետության» է վերածվել, որ առավելագույնը 30-35 ծառայողական մեքենա պետք է լինի երկրում, բայց, ինչպես մյուս բոլոր հարցերում, կյանքն ուրիշ բան ցույց տվեց:

Այսպես, 2021-ի նոյեմբերին՝ հետպատերազմական անորոշության ու խնդիրների մեջ թաղված երկրում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար կառավարությունը որոշեց գնել բարձր դասի BMW:

2022 թվականի հոկտեմբերին, օրինակ, կառավարությունը պետական ավտոպարկից շուրջ 600 չօգտագործվող ավտոմեքենա դուրս բերեց, բայց փոխարենը գնեց 200 նորը՝ էկոնոմ դասի եւ էլեկտրամոբիլ։ 2024-ի հուլիսին, հպարտ հարկատուների հաշվին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հանձնարարականներով, 1 միլիարդ 38 միլիոն դրամ էր հատկացվել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ նույն թվականի արտադրության 49 հատ Volvo XC90 ամենագնացներ գնելու համար:

Իսկ Փաշինյանի զրահապատ Mercedes-Benz S դասի ամբողջությամբ զրահապատ մեքենայի արժեքը, ըստ մամուլի տեղեկությունների, 540 հազար դոլարի է հասնում: Նույն տեղեկությունների համաձայն, զրահապատ երկու մեքենա էր գնվել, մեկը՝ Փաշինյանին, մյուսը Աննա Հակոբյանին սպասարկելու համար, որը որեւէ կարգավիճակ չունի: Բացի այդ մեքենան, մամուլը նկատեց նաեւ 145 հազար դոլարանոց Lexus-ը, որով շրջում է Հակոբյանը:

«Այն իշխանությունը, որը եկել էր մարդկանց կյանքը բարելավելու համար, գնում է միայն սեփական կյանքը լավացնելու ճանապարհով: Միայն նախորդ տարի՝ 2024 թվականին, այս իշխանությունը 2,5 միլիարդ դրամի ամբողջությամբ նոր մեքենաներ է ձեռք բերել»,- «Հրապարակ»-ին ասում է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շեշտելով, որ քննադատություններին տուրք տալով, իշխանությունը կրճատել է սովորական պետական ծառայողների մեքենաների քանակը, այն ծառայողների, որոնք ոչ թանկարժեք մեքենաներն օգտագործում էին, ասենք, ջրագիծ ստուգելու համար:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031