Լրահոս
Օրվա լրահոսը

ՄեդիաԱնազատությունն Ադրբեջանում. «Գեղարդ»

Օգոստոս 15,2025 15:14

Հաշվեհարդար ու բռնություն

«Գեղարդ» հիմնադրամ. Իլհամալիևյան վարչակարգը տիրապետում է խոսքի և մամուլի ազատության սահմանափակման լայն գործիքակազմի։ Լրատվականների արգելքից, հասանելիության սահմանափակումներից բացի՝ մամուլի անազատության արտահայտման դրսևորումներից են լրագրողների ձերբակալություններն ու վերջիններիս հանդեպ ֆիզիկական բռնություններն ու հետպնդումները։ Ադրբեջանում գործում է լրագրողների հանդեպ բռնությունների իրացման երկու հիմնական մեխանիզմ՝ ուղղակի ֆիզիկական բռնություն և պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից լրատվականների կամ վերջիններիս խմբագիրների ու թղթակիցների դեմ դատական հայցերի ներկայացում։ Առաջին դեպքում փորձ է արվում ուժի սպառնալիքով կանխել կոռուպցիայի և այլ անօրինությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը։ Երկրորդ պարագայում դատական հայցերի ներկայացումն ու դատական անառողջ համակարգի միջոցով դրանց բավարարումը հնարավորություն է տալիս և՛ արգելափակել լրագրողների գործունեությունը (նաև հետագայում), և՛ ժխտել առաջադրված մեղադրանքների իսկությունը։

Ֆիզիկական բռնություններ լրագրողների դեմ՝ առևանգում, սպանություն, ծեծ

Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ միջազգային հանրության շրջանակներում մեծ աղմուկ էր բարձրացրել 2005 թվականին ադրբեջանական ընդդիմադիր «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը։ Վերջինս զբաղվում էր մարդու իրավունքների պաշտպանությամբ և հայտնի էր կառավարության պաշտոնյաների և նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասին իր քննադատական հոդվածներով։

2006 թվականին մի շարք լրագրողներ են ենթարկվել ֆիզիկական բռնությունների․ ընդդիմադիր «Բիզիմ Յոլ» թերթի գլխավոր խմբագիր, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Բահադդին Հեզիևն առևանգվել և ծեծի է ենթարկվել՝ «հորդորելով» դադարեցնել «քննադատական հոդվածներ» գրելը։ «Ազատության» թղթակից Ֆիքրաթ Հուսեյնլին անհայտ անձանց կողմից նույնպես առևանգվել և ծեծի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է։ Ֆ․ Հուսեյնլիի մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր․ կոտրված են եղել մատները, դանակահարված է եղել պարանոցից։ «Ազատության» լրագրող Նիքաթ Հուսեյնովը նույնպես ենթարկվել է հարձակման և դանակահարվել է։ Նույն ժամանակ հետապնդվել և ծեծի է ենթարկվել «Ադրբեջանի ազգային անկախություն» ընդդիմադիր կուսակցության մամուլի քարտուղար Ալի Օրուջովը։ Նշենք, որ նշված լրագրողները նույնպես զբաղվել են բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության լուսաբանմամբ։

2007 թվականին նույն ճակատագրին են արժանացել «Գյունդելիկ Ազերբայջան» ընդդիմադիր թերթի խմբագիր և ռազմական լրագրող Ուզեյիր Ջեֆերովը, «Իմպուլս» թերթի լրագրող Սուհեյլա Գամբարովան։ 2008 թվականին «Ազատություն» 25-ամյա թերթի թղթակից Ագիլ Խալիլը, լրագրող և «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ»-ի (IRFS) նախագահ Էմին Հուսեյնովը նույնպես ենթարկվել են հետապնդման ու բռնության։

Լրագրողների հանդեպ բռնությունները տեղի են ունեցել ոչ միայն հակակառավարական հոդվածներ հրապարակելու պատճառով, այլև՝ անմիջապես լրագրողական լուսաբանումների գործընթացի ժամանակ։ Այսպես՝ 2009 թվականի հունվարին «Ենի Մուսավաթ»-ի լրագրող Աֆղան Մուխթարլին ծեծի է ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Իսրայելի դեսպանատան առջև տեղի ունեցող հանրահավաքը լուսաբանելիս։ Նույն ժամանակ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել և բռնության են ենթարկել ազատ լրագրող Իդրաք Աբբասովին։ «Բաքվի ծայրամասում գտնվող շքեղ առանձնատները» (խմբ․՝ պատկանել են տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին) հետաքննչական հոդվածի համար լուսանկարներ անելիս անհայտ անձանց կողմից հարձակման են ենթարկվել «Ենի Մուսավաթ»-ի 21-ամյա լրագրող Էլմին Բադալովն ու Անար Գարայլըին։

Զրպարտություն, լրտեսություն, դավաճանություն․ արդար մեղադրա՞նք, թե՞ քաղաքական հաշվեհարդար

Ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆեթուլաևը, ով հետապնդումների է ենթարկվել տարիներ շարունակ, 2007 թվականին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ զրպարտության, ահաբեկչության, էթնիկ ատելության հրահրման և հարկերից խուսափելու մեղադրանքներով։ Մինչ դատապարտումը՝ Էյնուլլա Ֆեթուլաևը հիմնադրել էր ընդդիմադիր հայտնի երկու թերթեր՝ «Իրական Ադրբեջան» և «Գյունդելի Ազերբայջան»։ Դրանք փակվել են 2007 թվականի մայիսին։ Ֆեթուլաևը մեղադրվել է Խոջալուի «կոտորածի» մասին թերթում և ապա՝ առցանց հոդված հրապարակելու համար, որում նա իբր անարգել է Խոջալուի զոհերի հիշատակը՝ կասկածի տակ դնելով իրադարձության ներկայացման ադրբեջանական տարբերակը: 2011 թվականին Ֆեթուլլաևը համաներմամբ ազատ է արձակվել և արժանացել «Մամուլի ազատության համար» միջազգային մրցանակի։

Մեկ այլ պարագայում՝ խմբագիր Գանիմաթ Զահիդն ու երիտասարդ ակտիվիստներ Էմին Միլլին և Ադնան Հաջիզադեն, ովքեր քննադատել են կառավարության քաղաքականությունը սոցիալական ցանցերում, բեմադրված կռիվներից հետո բանտարկվել են խուլիգանության մեղադրանքներով։ Գ․ Զահիդովի եղբայրը՝ հայտնի երգիծաբան և «Ազատության» լրագրող Միրզա Սաքըթը, 2006 թվականի հոկտեմբերին դատապարտվել է թմրանյութերի շրջանառման մեղադրանքով՝ երեք տարի ազատազրկման: Եղբայրներին չի թույլատրվել անգամ մասնակցել իրենց հոր հուղարկավորությանը։

2007 թվականին լրտեսության և դավաճանության մեղադրանք է առաջադրվել «Թալիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր և թալիշների մշակութային իրավունքների ակտիվ պաշտպան Նովրուզալի Մամեդովին։ Մամեդովը 2008 թվականի հունիսին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման, սակայն մահացել է 2009 թվականին Քրեակատարողական համակարգի կենտրոնական հիվանդանոցում սրտի անբավարարությունից։

2007 թվականի դեկտեմբերին հինգ լրագրողներ ազատ են արձակվել ընդհանուր համաներմամբ։ Նրանցից երեքը բանտարկվել էին զրպարտության մեղադրանքով (Յաշար Աղազադե, Ռովշան Քեբիրլի և Ֆարամազ Նովրուզօղլու), մյուս երկուսը՝ Ռաֆիկ Թաղըին և Սամիր Սեդեքեթօղլուն՝ կրոնական ատելություն հրահրելու մեղադրանքով՝ իրենց հոդվածում իբրև թե Մուհամմեդ մարգարեին վարկաբեկելու համար։ «Amnesty International»-ը վերջիններիս համարել է «խղճի բանտարկյալներ»։

2008 թվականին հայց է ներկայացվել «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի, փաստաբան և «Ֆեմիդա 007» թերթի գլխավոր խմբագիր Այուբ Քերիմովի դեմ: Վերջինս ընդդիմադիր «Ազատություն» օրաթերթին տված հարցազրույցում Ներքին գործերի նախարարությունն անվանել էր «հանցագործների բույն»: 2010 թվականին դատարանը հաստատել էր Քերիմովի մեղքը՝ զրպարտություն։ 2018 թվականին Բաքվի իր տանը հայտնաբերվել էր Քերիմովի դին՝ իբրև թե մահացել է գազի արտահոսքից։

«Նոտա» թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբայլին, թղթակից Փարամազ Նովրուզօղլուն նույնպես «զրպարտության համար» դատապարտվել են 2007 և 2009 թվականներին։ 2010 թվականին Նովրուզօղլուն կրկին ձերբակալվել է՝ ֆեյսբուքյան էջում զանգվածային անհնազանդության կոչ անելու մեղադրանքով։

2010 թվականին Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Միրգաֆար Սեիդովը քրեական հայց է ներկայացրել Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող փաստաբան և դատական դիտորդ Մուզաֆար Բաղիշովի դեմ։ Բաղիշովը զբաղվել է մի շարք քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ։ Հավանաբար, այդ պատճառով էլ 2016 թվականին Փաստաբանական պալատի նախագահությունը չեղյալ է հայտարարել նրա արտոնագիրը և միջնորդություն ներկայացրել Նարիմանովի շրջանային դատարան՝ Մուզաֆար Բաղիշովի իրավաբանական գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

2010 թվականի հունիսին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը քաղաքացիական հայց է ներկայացրել «Խուրալ» անկախ շաբաթաթերթի դեմ՝ իբրև թե իր պատվի, արժանապատվության պաշտպանության և բարոյական վնասի փոխհատուցման համար։ Հաջորդիվ՝ 2011 թվականին ձերբակալվել է թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալովը։

Իշխող կուսակցության անդամ և նախագահ Իլհամ Ալիևի հորեղբայր Ջալալ Ալիևը 2007 թվականին հայց էր ներկայացրել «Մուխալիֆաթ» թերթի խմբագիր Ռովշան Մահմադովի և լրագրող Յաշար Աղազադահի դեմ, ովքեր դատապարտվել են զրպարտության և վիրավորանքի մեղադրանքներով:

Խոսքի ազատության սահմանափակումը հատկապես սրվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այդուհետ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական նախընտրական շրջանակներն աչքի են ընկել լրագրողների հանդեպ բռնություններով։

Թվային տվյալները ոչ միայն հաստատում, այլև բացահայտում են մամուլի ազատության ճգնաժամն Ադրբեջանում։ «Reporters without borders» կազմակերպության ամենամյա զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, աշխարհի մյուս պետությունների համեմատությամբ, Ադրբեջանի՝ ցուցանիշով պայմանավորված շարունակական անկումը։ Ընդ որում՝ կազմակերպության կողմից մեդիաազատության ցուցանիշի հաշվարկը տեղի է ունենում 5 բաղադրիչների համադրմամբ՝ քաղաքական և տնտեսական համատեքստ, իրավական հիմքեր, սոցիալ-մշակութային համատեքստ և անվտանգություն։ Հետևաբար՝ որքան ցածր է մեդիաազատության ցուցանիշը, այնքան ցածր են քաղաքական ազատությունը, սոցիալ-մշակութային զարգացումը, անհամաչափ են ոլորտի կարգավորման իրավական հիմքերը, անառողջ է տնտեսական միջավայրը, բարձր է ճնշման հավանականությունը։

Ինչպես նկատում ենք գծապատկեր 2-ից 2003-2025 թվականներին դիտարկված 180 երկրների շարքում Ադրբեջանը մշտապես զբաղեցրել է ցածր հորիզոնականներ՝ ընդգրկվելով անազատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների քսանյակում: Այսպես՝ 2020 թվականին 180 երկրների ցանկում Ադրբեջանը 168-րդն էր, 2024 թվականին՝ 164-րդը, իսկ 2025 թվականին հավակնում է լինելու՝ 167-րդը։

2024 թվականին մեդիաազատության վատագույն ցուցանիշից (16,64) ադրբեջանական ցուցանիշը տարբերվում էր ընդամնեը 11,35 գործակցով։ Ադրբեջանին սովորաբար հաջորդում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Բելառուսը, Իրաքը, Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Աֆղանստանը։

Հատկանշական է մեկ այլ հանգամանք ևս՝ մամուլի ազատության գործակիցն Ադրբեջանում նվազում է հատկապես նախագահական և խորհրդարանական ընտրություններով պայմանավորված։ Օրինակ՝ 2018 թվականին, նախագահական ընտրություններով պայմանավորված, նախորդ տարվա համեմատ մեդիաազատության գործակիցը նվազել է 3,33-ով՝ 43,60-ից հասնելով 40,27-ի։ 2024 թվականին 39,93-ից նվազել է 11, 94-ով՝ հասնելով 27,99-ի։ Պատկերն առավել մտահոգիչ է 2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ 2010 թվականին 56,3 գործակցից 2011-2012 թվականներին սահմանվել է 87,25 գործակից, որի արդյունքում Ադրբեջանը պետությունների սանղակում 152-րդ հորիզոնականից իջել է՝ հասնելով 162-րդ հորիզոնականի։

Լրատվականների և լրագրողների նկատմամբ բռնություններն ուղեկցվել են ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ նախապատրաստական, երբ փորձ է արվել հնարավորինս նվազեցնել ընտրական գործընթացին ուղղված քննադատությունները, հետընտրական, երբ փորձ է արվել կանխել արդեն իսկ կատարված ընտրակեղծիքների վերաբերյալ քննադատությունները։ «World economics»-ը մամուլի ազատության գործակիցն Ադրբեջանի համար 100 հնարավորից սահմանել է 12,2։

2003 թվականին «Freedom House»-ը մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանին արդեն իսկ համարել էր անազատ պետություն։ Եթե նույն կազմակերպության ինդեքսով 2017 և 2018 թվականներին ցանցի ազատության ցուցանիշով Ադրբեջանը դասվել է մասնակի ազատ պետությունների շարքին՝ 100 հնարավորից համապատասխան 42 և 40 գործակցով, ապա 2019 թվականի 39 գործակցից 2024 թվականին հասել է 34-ի։

«Cato Institute»-ի՝ «Մարդու ազատությունների ինդեքս-2021» հետազոտությամբ՝ 2019 թվականին 165 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 127-րդ հորիզոնականը՝ անձնական ազատության 5,96 ցուցանիշով, իսկ մամուլի ազատության գործակիցը կազմել է ընդամենը 3,9։

Առհասարակ, մամուլի ազատությունը տվյալ պետության թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-հասարական ընթացիկ իրավիճակի արտահայտման կարևոր ցուցիչ է։ Որքան ցածր է մամուլի ազատության գործակիցն, այնքան սահմանափակ են քաղաքական և քաղաքացիական իրավունքները, խոցելի՝ մարդու իրավունքների իրացման մեխանիզմները։ Հետևաբար՝ դժվար չէ գուշակել, թե տարբեր առումներով մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող, որպես «բազմամշակութայնության» կենտրոն փաթեթավորվող, բնության պահպանությամբ մտահոգ և «պատմական արդարության» վերականգնման հայտ ներկայացնող Ադրբեջանում ինչպես են իրացվում մարդու իրավունքներն ու ազատությունները։ Ասվածը բազմիցս բարձրաձայնվել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների կողմից։ «Freedom House», «Human Rights Watch», «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մշտապես անդրադարձել են Ադրբեջանում մարդու իրավունքների, նաև՝ մամուլի ազատության և լրագրողների հանդեպ բռնությունների խնդիրներին։ Չնայած իրավապաշտպան կազմակերպությունների արձանագրումներին՝ իլհամալիևյան քառորդդարյա պաշտոնավարմանը բնորոշ մամուլի անազատությունը միայն խորանալու զարգացումներ է նախանշում։

Շարունակելի․․․

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031