Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, խնդրում եմ ինձ Գեւորգ Աջապահյանով չդիմել, բնակչության 99%-ն ինձ ճանաչում է որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»

Օգոստոս 15,2025 15:31

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր մեկնարկել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

 Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքի տակ է գտնվում, նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու համար։ Միքայել Սրբազանը մեղքը չի ընդունում։

Դատավորը հարցրեց Միքայել սրբազանին․ «Առողջական խնդրներ ունե՞ք»։ «Առողջական խնդիրներ ունեմ, բաց դրանք խնդիր չեն այս պահին»,- արձագանքեց Աջապահյանը։

Դատավորը Միքայել սրբազանին դիմեց Գեւորգ Աջապահյան անուն ազգանունով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատողություն արեց դատավորին․ «Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գեւորգ Աջապահյանը չեմ արդեն 37 տարի։ Ինձ բնակչության 99 տոկոսը ճանաչում է որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, եւ խնդրում եմ ինձ դիմել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանով, ոչ թե Գեւորգ Աջապահյանով»։

Հանրային մեղադրողը ներկայացրեց հիմնավորում, թե ինչու պետք է սրբազանը մնա կալանքի տակ՝ նշելով, որ ազատության մեջ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարանին։

«Մենք խոսում ենք ապօրինի կալանքի մասին։ Արքեպիսկոպոս Աջապահյանը շուրջ 40 օր կալանքի տակ է պահվել այն բանի համար, որ 4 քննիչ զննություն են իրականացրել եւ կարծել, թե նա խոչընդոտում է քննությանը։ Ուզում էին ձեւական կալանավորել, հետո էլ ցույց տալ, թե իրենք աշխատանք են կատարել»,- ասաց Միքայել սրբազանի շահերը պաշտպանող փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա մանրամասն ներկայացրեց քննիչների իրականացրած աշխատանքը՝ նշելով, որ այն գործողությունները, որոնք նրանք իրականացրել ենք, դրանց խոչընդոտելու իրական ու տեսական հնարավորություն չի եղել։ «Իմ ներկայացրած հիմքերը բավարար են, որպեսզի անձին կալանքից ազատեք»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031