Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում մեկնարկել է «Թյուրքագիտության ամառային դպրոցը»

Օգոստոս 15,2025 21:33

2025 թվականի օգոստոսի 10–17-ը Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի պետական համալսարանի նախկին շենքում բացված Ղարաբաղի համալսարանում անցկացվում է 7-րդ թուրքագիտության ամառային դպրոցը։ Նախաձեռնությունն իրականացվում է Ղարաբաղի համալսարանի, Միջազգային թյուրքական ակադեմիայի և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի համագործակցությամբ։ Ըստ նրանց համատեղ հայտարարության՝ ծրագրի նպատակն է հզորացնել երիտասարդ գիտնականների մասնագիտական ներուժը թուրքագիտական հետազոտությունների ոլորտում, խթանել տարբեր երկրների ներկայացուցիչների միջև գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչպես նաև հնարավորություն տալ ուսումնասիրելու ժամանակակից գիտական մոտեցումներ և գործնական մեթոդներ։

Չնայած ներկայացվող գիտական բնույթին, միջոցառման իրական նպատակը տարածաշրջանում համաթուրքական մշակութային-քաղաքական օրակարգի առաջմղումն է։ Մասնակիցների թվում են 32 երիտասարդ գիտնականներ և դոկտորանտներ Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից, Հյուսիսային Կիպրոսից և Մակեդոնիայից։ Դասընթացները վարում են 15 դասախոս՝ ժամանած Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից։ Հայտարարված ծրագիրը ներառում է լեզվաբանության, գրականագիտության, պատմության, ազգագրության և մշակութաբանության թեմաներով դասեր, ինչպես նաև թեմատիկ քննարկումներ։ Այս միջոցառումը ծառայում է ինչպես մասնակից երկրների միջև առկա գիտական կապերի ամրապնդմանը, այնպես էլ թյուրքական աշխարհի ընդհանուր գիտական ապագայի ձևավորմանը։

Բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին Արցախի պետական համալսարանի նախկին շենքում։ Ելույթներով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Շահին Բայրամովը, Թուրքական ակադեմիայի նախագահ Շահին Մուսթաֆաևը և Թուրքիայի գիտությունների ակադեմիայի նախագահ Մուզաֆար Շեքերը։ Շահին Բայրամովն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ օկուպացիայի տակ գտնվող հողերի ազատագրումից հետո Ղարաբաղը վերածնվում է ոչ միայն տնտեսական և սոցիալական առումով, այլև իր գիտական և մշակութային ներուժով։ Նրա խոսքով՝ 2024 թվականին բացված Ղարաբաղի համալսարանը կարևոր քայլեր է ձեռնարկում ոչ միայն որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, այլև՝ տարածաշրջանի գիտական և մտավոր կենտրոն դառնալու ուղղությամբ։ Ռեկտորը ընդգծել է, որ Ղարաբաղի հարուստ պատմական ժառանգությունը և ռազմավարական աշխարհագրական դիրքը այն դարձնում են թյուրքական աշխարհի համար կարևոր գիտական համագործակցության հարթակ։ Նրա կարծիքով՝ այս համալսարանը  կխաղա թյուրքական աշխարհի համար ՝ ձևավորելով համատեղ զարգացման գիտական հիմքը։ Ռեկտորն ընդգծել է, որ գիտության և կրթության ոլորտում ինտեգրացիան թյուրքական ընդհանուր պատմական արմատների վրա ամրապնդված ռազմավարական համագործակցության ամենահուսալի երաշխիքն է, և որ միջոցառումը զգալի ներդրում կունենա թյուրքական աշխարհում Ղարաբաղի համալսարանի ճանաչման և թյուրքական պետությունների գիտնականների և երիտասարդ հետազոտողների միջև գիտական համագործակցության զարգացման գործում։ Ինչպես պարզվում է, նրանց պատկերացմամբ թյուրքական ընդհանուր ժառանգությունն արմատավորված է հենց օկուպացված Արցախի հողի վրա:

Բացման արարողության ժամանակ հնչած հայտարարությունները «թյուրքական աշխարհի գիտական ինտեգրացիայի» և «ընդհանուր արժեքների» մասին փաստացի նշանակում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ մշակութային տարածք ձևավորելու քաղաքականություն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։ Հատկապես ընդգծվել է, որ Ղարաբաղի համալսարանը պետք է դառնա տարածաշրջանի «գիտական և մտավոր կենտրոնը»՝ ինչն ուղղակիորեն կապվում է ադրբեջանական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում իրենց օրակարգի ամրապնդման հետ։

Ամառային դպրոցը կազմակերպվել է Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարության, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) աջակցությամբ։ Մինչ այս թուրքագիտության ամառային դպրոցը անցկացվել է Թուրքիայում, Ղրղզստանում և Ղազախստանում։

 

MONUMENT WATCH

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031