Երեկ Գյումրու արտահերթ նիստի ժամանակ քաղաքի զարգացման հնգամյա ծրագիրը քննարկելիս՝ Վարդան Ղուկասյանին հիշեցրեցին, որ թափառող շների հարցի լուծման մասին խոսք չկա։ Հարցրեցին՝ ինչպե՞ս է պատկերացնում այդ հարցի լուծումը։
Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ երկու ապաստարաններ են կառուցելու շների համար։
« էն որոշումից հետո, որ դուրս եկավ, որ շներին խփել չի կարելի, շները հավանական է՝ էսօր ավելի շատ պաշտպան ունեն, քան մարդիկ, ցավոք սրտի։
Ուրեմն էդ խնդիրն առաջացել է ամբողջ հանրապետությունով մեկ։
Կարդացեք նաև
Հիմա պայմանավորվել ենք արդեն, և կառավարությունը 80 միլիոն նախատեսել է շների կացարանի հետ կապված, կացարան չէ՞, էդպես ասեմ։
Ուրեմն մենք թռչնաբուծարանի հատվածում մի հսկայական տարածք նախատեսել ենք, մրցույթն արդեն անցկացված է, 125, թե 130 միլիոն գումար է նախատեսվել, որպեսզի էդտեղ անպայման շների կացարան կառուցապատվի։
Մի հատ էլ մենք նախատեսում ենք «Մուշ» թաղամասում, այն դաշտերի մեջ, որտեղ մարդիկ չկան, այնպես որ երկու կացարաններ անպայման մենք պետք է կարողանանք պատրաստել, որ էս հարցը մենք հիմնական լուծենք, գիտենանք, որ քաղաքում կան նմանատիպ կացարաններ։
Իհարկե, ստերջացման խնդիրը, միանշանակ հարցի լուծում չէ։ Ես գտնում եմ, որ դրանով հարց չի լուծվի, բայց այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, պահանջում եմ, որ այդ հարցը արագ լուծվի։ Մրցույթն արդեն հայտարարված է»,- պատասխանեց Վարդան Ղուկասյանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ մտածել էին՝ Շիրակի մարզի Ախուրյան և Անի խոշորացված համայնքները ևս ընդգրկել ծրագրում, քանի որ միայն Գյումրիի վարչական տարածքով թափառող շների հարցը չի լուծվելու։
«Այսինքն մեծամասշտաբ պետք է լինի, մյուս համայնքներն էլ ունենան իրենց ներդրումը, գումար հատկացնեն, կառավարությունն էլ գումար հատկացնի, որպեսզի Գյումրին՝ հարևան երկու համայնքներով ու ամբողջ մարզով կատարվի այդ ստերջացումը,շներին ապաստարան տանելը, որովհետև եթե միայն Գյումրիում էդ շները հարցը լուծենք, ինչպես ասում են՝ հարևան համայնքներից շները կփախնին, կգան Գյումրի»։
Վարդան Ղուկասյանը սկսեց հումոր անել․ «Գյումրիում բողոքել, ասել են, մենք ուրիշ շների հետ գործ չունենք, մենակ գյումրեցոնց շների»։
Սարիկ Մինասյանը հումորին պատասխանեց հումորով․ «Ուրեմն գզվցնել (կռվեցնել) պիտի սովորեցնեն»։
Նա հավելեց, որ այս հարցը շատ կարևոր է և պարտադիր պիտի հարևան համայնքներին ևս ընդգրկել։
Վարդան Ղուկասյանն առաջարկեց միասին նստել ու ծրագիր մշակել, որին Սարիկ Մինասյանը հավանություն տվեց։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ