Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են նրանք ամիսներով քննում

Օգոստոս 16,2025 10:00
marionet

Ինչպես եւ սպասվում էր, իշխանությունը եւս երկու ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը: Չեմ ասում՝ «դատարանը», որովհետեւ առանձին դատական եւ օրենսդիր իշխանություններ Հայաստանում չկան: Կա մեկ իշխանություն՝ Փաշինյանի իշխանությունը, իսկ մնացածը դրանից ածանցյալ են կամ կցորդ են: Դա, իհարկե, գաղտնիք է Թրամփի, Մակրոնի կամ, ասենք, Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար: Հայաստանի «ժողովրդավարության» մասին նրանց պատմող աղբյուրները «խիստ արժանահավատ» են:

Այս պայմաններում որեւէ տրամաբանական հարց բարձրացնելը, բնականաբար, անիմաստ է: Բայց, եթե ձեւ անենք, որ իշխանության գործողությունները ենթակա են ինչ-որ տրամաբանական քննության, ապա կարելի է հարցնել՝ այդ ի՞նչ էին նրանք քննում երկու ամիս, որ անհրաժեշտություն առաջացավ եւս երկու ամիս քննելու: Թեման, որքան կարելի է դատել բաց աղբյուրներից, հետեւյալն է՝ ապացուցել, որ «մենք մասնակցելու ենք եկեղեցու պաշտպանությանը մեր ձեւով» արտահայտությունն իր մեջ պարունակում է «իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու կոչ»:

Ստացվում է, որ երկու ամիսը բավարար չէր այդ անհեթեթ պնդումը հաստատելու համար եւ հիմա ինչ-որ «նոր ապացույցներ» են պետք՝ հիշալ արտահայտության եւ մեղադրանքի միջեւ կապ գտնելու համար: Հավանաբար, հաջորդ երկու ամսվա ընթացքում հայտնաբերվելու է ինչ-որ հայկական «պրոֆեսոր Հիգինս» (նիկոլականների համար պարզաբանեմ, որ դա Բերնարդ Շոուի պիեսներից մեկի հերոսն է), որը կոչված կլինի ապացուցել այս՝ գոյություն չունեցող կապը: Բայց ինչպիսի հմուտ լեզվաբան էլ լինի, նա չի կարողանա դա անել: Եթե իհարկե, չի մասնակցել «Կրթվելը նորաձեւ է» ծրագրին:

Իրականում, իհարկե, Փաշինյանի ստորադասների՝ ԱԱԾ-ի, դատախազների, քննիչների, դատավորների վիճակը ծանր է: Նրանց շեֆը ֆեյսբուքյան ինչ-որ գրառում է անում, իսկ իրենք հետո ստիպված են «քրեական գործի» տեսք տալ այդ ֆանտազիաներին եւ հոգեբանական զեղումներին: Հուսով եմ, որ հոգու խորքում այդ մարդկանցից մի քանիսը գոնե ամաչում են:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031