Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկայում 2022-2023 թթ․ համեմատ կա գների նվազում, սակայն եթե համեմատում ենք 2021 կամ 2020 թվականի հետ, ապա գների աճ կարող ենք արձանագրել․ «Հրապարակ»

Օգոստոս 16,2025 11:09

Մեզ հասած տեղեկություններով, անշարժ գույքի շուկայում լճացման վիճակ է` առքուվաճառքի գործարքները խիստ նվազել են: Հետաքրքիր է, թե այդ տենդենցներն ինչպես են ազդել անշարժ գույքի գների վրա:

Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովից «Հրապարակը» հետաքրքրվեց` նախորդ տարվա համեմատ ի՞նչ պատկեր է այժմ: Նկատելի է, որ անշարժ գույքի շուկայում կան որոշակի փոփոխություններ, մասնավորապես` բնակարանների գները նախորդ տարվա համեմատ նվազել են: Ա. Հարությունովը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Գնային առումով, թե նախորդ տարվա համեմատ գները որքան են նվազել, հստակ ասել չեմ կարող, քանի որ մենք այսօր ինչ աղբյուրից օգտվում ենք, օրինակ` նույն Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունից, այս պահի դրությամբ չենք կարող համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ վիճակագրության հետ խնդիրներ կան: Մենք ինքներս էլ ներկայացրել ենք Կադաստրի կոմիտե եւ պնդել ենք, որ վիճակագրությունը խեղաթյուրում են, քանի որ այնտեղ ներառվում է առաջնային շուկայում ձեռք բերված գնման իրավունքը:

Ենթադրենք՝ քառակուսին եղել է 700 դոլար, որն այս տարի է հանձնվել շահագործման, օրենքով ստացվում է, որ այն այս տարի է վաճառվել, բայց իրականում այդպես չէ, բնակարանը, ենթադրենք, ձեռք է բերվել մի քանի տարի առաջ: Այս է պատճառը, որ գների առումով կա խեղաթյուրում: Առհասարակ, վերջին երեք տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում բնակարանների գները գնում են դեպի կարգավորում: 2022 թվականին տեղի ունեցավ գնաճ: Բավականին էքստրեմալ իրավիճակ էր: Ռուս-ուկրաինական պատերազմ տեղի ունեցավ, մեծաթիվ ռուսներ եկան Հայաստան: Այդ ընթացքում դեպի Հայաստան երեք հոսք եկավ: Առաջին երկու հոսքը կապված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետ, մյուս հոսքը` Արցախի պատերազմի հետ, երբ մեր 100 հազարից ավելի հայրենակիցները եկան Հայաստան: Բոլորն ունեին բնակարանի խնդիր: Մարդիկ սկսեցին բնակարաններ վարձել, սակայն շատերը նաեւ գնում էին բնակարաններ: Այդ ընթացքում ստեղծվել էր աննախադեպ բարձր պահանջարկ, եւ, բնականաբար, դեֆիցիտի հաշվին բնակարանների գները բարձրացան:

Որոշ դեպքերում գներն այդ շրջանում դարձել էին խիստ անտրամաբանական: Մարդիկ տարակուսում էին, հատկապես միջին աշխատավարձ ստացող մարդկանց համար նման պայմաններում բնակարաններ ձեռք բերելը դարձել էր անհասանելի․ խոսքը թե՛ վաճառքի մասին է եւ թե՛ վարձակալության: Սակայն վերջին ժամանակներում գները սկսեցին կարգավորվել: Ոմանք կարծում են, որ գների կարգավորումը շուկայի փլուզում է, սակայն շուկան պարզապես կարգավորել է իր գները, չի փլուզվել: Ամեն տարի կարգավորվում են գները: Գնորդներն են պահանջարկ ստեղծողները: Շուկան կարգավորվում է գնորդների տրամաբանական պահանջարկը բավարարելու համար: 2022-2023 թթ․ համեմատ հավանականությունը մեծ է, որ կա գների նվազում, սակայն, օրինակ, եթե դա համեմատում ենք 2021 կամ 2020 թվականի հետ, ապա ոչ թե գների նվազում, այլ գների աճ կարող ենք արձանագրել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031