Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ Լուիսում ավարտվել է արագ եւ կայծակնային շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարը, որտեղ գերազանց է հանդես եկել հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը:
Հայ գրոսմայստերը կայծակնային շախմատում խաղացել է 18 պարտիա եւ վաստակելով 11,5 միավոր նվաճել է հաղթողի կոչումը: Մեր հայրենակիցը օրեր առաջ նույն մրցաշարում երկրորդ տեղն էր զբաղեցրել արագ շախմատում: Երկու մրցաշարերի (արագ+կայծակնային) ընդհանուր արդյունքով Լեւոն Արոնյանը նվաճել է մեծ ոսկե մեդալը եւ արժանացել հաղթողի գավաթին ու $ 40 հազար դրամական մրցանակին:
Սա Արոնյանի երրորդ հաղթանակն է Grand Chess Tour մրցաշարերում: Ավելի վաղ նա հավասարը չէր ունեցել 2017 եւ 2019 թվականներին, երբ դեռեւս պատվով պաշտպանում էր Հայաստանի շախմատային դրոշի հեղինակությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ