Aravot.am-ի զրուցակիցն է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։ Քաղաքագետի հետ զրուցել ենք Ալյասկայի Անքորիջ քաղաքի ամերիկյան «Էլմենդորֆ-Ռիչարդսոն» ռազմաօդային բազայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքների և հնարավոր զարգացումների մասին։
-Ի՞նչ զարգացումներ և արդյունքներ ակնկալել Թրամփ-Պուտին հանդիպումից։ Լավատե՞ս եք, որ պատերազմը կկանգնեցվի։
-Հանդիպման արդյունքներով արձանագրվում է, որ չկա ամբողջական համաձայնություն, որը և դժվար էր ակնկալել, ու մեդիա ոգևորությունից դուրս նման ակնկալիքներ առանձնապես չկային։ Երևի թե գլխավոր արդյունքներից է այն, որ որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը։ Չկա առաջխաղացում պատժամիջոցների ռեժիմի և ներդրումային փաթեթների ու տնտեսական համագործակցության ուղղությամբ, թեև այս ուղղության պատասխանատու պաշտոնյաները ներառված էին բանակցային թիմում, բայց չմիացան բուն բանակցություններին, որը հնարավոր է և պլանավորված էր եղել՝ որպես շարունակություն և կախված երկու նախագահների միջև բուն խոսակցությունից ու 3+3 ձևաչափով հիմնական բանակցություններից, որը տեղի ունեցավ երեք ժամ։
Թրամփի հեռախոսազրույցից ՆԱՏՕ-ի գործընկերների և Զելենսկու հետ հասկանում ենք, որ ավելի մեծ հակվածություն կա շրջանակային խաղաղության կամ նմանատիպ պայմանավորվածությունների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, այդ ճանապարհով գնալու հարցում, քան հրադադարի համաձայնագրի հասնելու, որը, կարծես թե, առաջին լուրջ փոփոխությունն է դեպի ամբողջական խաղաղության պայմանագրի՝ պատերազմից ի վեր ջանքերի շրջանակում։ Բայց դեռևս շուտ է որևէ ակնկալիք ձևավորելու, թե′ ընդհանրապես այս պահին ռազմավարական բանակցությունների արդյունքների, և թե′ պատերազմի հանգուցալուծման վերաբերյալ։
Կարդացեք նաև
-Ըստ էության պայմանավորվածություններ չկան, քանի որ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ «մենք դեռ չկարողացանք ամբողջական փոխըմբռնումի հասնել։ Ցավոք, առայժմ գործարք չկա», ուստի այս պարագայում հնարավո՞ր է խնդիրների լուծման հասնել երկխոսության ճանապարհով։
-Առաջիկա օրերին ու շաբաթներին ավելի շատ մանրամասներ ի հայտ կգան հանդիպման հաջողությունների կամ ձախողումների շուրջ։ Մեկ բան ակնհայտ է, որ կողմերից և ոչ մեկը չկարողացավ հասնել այն հաջողության, որը հուսով էին ունենալ հանդիպման արդյունքում։ Զելենսկիի այցն արդեն նախատեսված է Վաշինգտոն, հավանաբար այդ հանդիպման ընթացքում Թրամփն էլ ավելի մեծ ճնշում կգործադրի, որպեսզի Զելենսկին համաձայնի այն կետերին, որի շուրջ կա արդեն համաձայնություն Թրամփի և Պուտինի միջև։ Կարևոր է լինելու նաև եվրոպական գործընկերների դերակատարումը, քանի որ ինչ արդյունք էլ լինի, Թրամփը պլանավորում է ու արդեն իսկ իրականացնում է քաղաքականություն, որով նվազեցնելու է իր ուղիղ մասնակցությունը պատերազմին և Ուկրաինային աջակցությանը՝ դնելով ավելի մեծ բեռ և պարտականություն եվրոպական գործընկերների վրա՝ համարելով, որ կոնֆլիկտի շահառու է հենց Եվրոպական միությունը, ոչ թե ԱՄՆ-ն։
Թե ինչպիսին կլինի Զելենսկու արձագանքը Թրամփի ճնշումներին, կախված կլինի եվրոպական գործընկերների աջակցության մակարդակից, արդյոք դա բավարար կլինի՞ պատերազմը նույն կերպ շարունակելու հարցում կամ, ընդհանրապես ինչպես շարունակելու հարցում։ Սրա պատասխանը կամ այս հարցում ուղենիշ կարող է սահմանվել առաջիկա օրերին նշանակված կամեցողների կոալիցիայի հանդիպումների արդյունքներով, որտեղ եվրոպական առաջնորդները Զելենսկու հետ միասին կամփոփեն վերջին հանդիպման արդյունքները և կնախանշեն հետագա քայլերը, որոնց ազդեցության տակ էլ Զելենսկին կմեկնի Վաշինգտոն։
-Ինչպե՞ս կարող է այս հանդիպումն անդրադառնալ Հարավային Կովկասում երկու գերտերությունների վարած քաղաքականության վրա։
-Հանդիպման արդյունքներն ինքնին դեռևս չափազանց նախնական և անորոշ են։ Հենց հանդիպման մասին եզրակացություններ կատարելու համար դեռևս չափազանց շուտ է Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա ազդեցության մասին լրջորեն քննարկել առանց գուշակությունների և սպեկուլյացիաների դաշտ գնալու։
-Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է վերջերս Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։
-Հավանաբար ոչ, կամ միայն հպանցիկ՝ հաշվի առնելով այն, որ այդ հանդիպումը ինքնին տևել է շատ ավելի քիչ, քան պլանավորվել էր, և դժվար թե հանդիպման ընթացքը ու դրա մոմենտումը կամ հաջողությունները թույլ տային շարունակել նույն դրական կամ հաջողության տոնով քննարկելու հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները՝ ձեռք բերված Վաշինգտոնում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից