Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի Երեւանից, ռեգիոններում ունենք բնակչության անկում եւ չունենք երկարաժամկետ զարգացում ապահովող տնտեսական նոր ինստիտուտներ». Նարեկ Կարապետյանը ներկայացնում է երկիրը կառավարելու «Մեր ձեւով» շարժման ծրագիրը

Օգոստոս 17,2025 13:10

«Հայաստանի արդյունաբերականացումը այլընտրանք չունի: Կա՞ գործարան Վանաձորում՝ կա Վանաձորը: Ուզում եմ Վանաձորի օրինակով ձեզ ներկայացնել, թե ինչպես է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը ազդում մեր կյանքի վրա եւ ինչ ազդեցություն կունենա այդ քաղաքականությունը, եթե մենք չընտրենք նոր, ավելի պրոֆեսիոնալ կառավարման ուղի»,-ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ համացանցով հանրությանը ներկայացնելով «Մեր ձեւով» շարժման սոցիալական, քաղաքական, առողջապահական, տնտեսական օրակարգը, ինչպես խոստացել էր օրեր առաջ ՀԿԴ բակում՝ երբ քննարկվում էր Սամվել Կարապետյանի կալանքի հարցը:

«Վանաձորը իր հզորության ու տնտեսական ակտիվության գագաթնակետին հասել է Սովետական Միության ժամանակ: Այստեղ եղել է 27 գործարան, որից հիմնականն ու ամենագլխավորը Վանաձորի հայտնի «Քիմպրոմն» էր: Այնտեղ աշխատել է յոթ հազար մեր հայրենակից եւ այն ունեցել է շատ մեծ ազդեցություն մեր երկրի տնտեսության մեջ: 1988/89 թվականներին Վանաձորը 160-170 հազարի շեմը հաղթահարած բնակչություն ուներ: Եվ Վանաձորը դինամիկ զարգացող քաղաք էր: Այսօր Վանաձորի բնակչությունը 77 հազար մարդ է: Այսինքն, մեր երկրի երրորդ քաղաքի բնակչությունը ավելի քան երկու անգամ կրճատվել է: Իսկ վերջին յոթ տարվա ընթացքում բնակչության թիվն իջել է եւս 5 %-ով: Վանաձորի բնակիչները լքում են քաղաքը, Հայաստանը, քանի որ չկա աշխատանք:

Կներկայացնեմ նաեւ ամեն քաղաք, ամեն շրջան իր զարգացման հեռանկարով, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան՝ ինչ ծրագրով երկիրը պետք է կառավարվի, որպեսզի վերջապես կարողանանք կանգնեցնել այս անկման անիվը: Ասում եմ անկում, որովհետեւ բացի Երեւանից ռեգիոնների մեծ մասում մենք ունենք բնակչության անկում եւ չունենք երկարաժամկետ զարգացում ապահովող տնտեսական նոր ինստիտուտներ:

Ի՞նչ են արել մեր կառավարությունները վերջին տարիներին Վանաձորում: Օրինակ, վերջին յոթ տարում Վանաձորում կառուցվել են ճանապարհներ, վերանորոգվել են որոշ կրթական հաստատություններ, ինչը գովելի է, դրական է: Բայց այդ բոլոր աշխատանքները տեղի են ունեցել պետության կողմից վարկեր ներգրավելու միջոցով: Այսինքն, պետությունը վարկ է վերցնում, ներդրում է անում ճանապարհների, կրթական հաստատությունների մեջ: Ճանապարհները 10-15 տարվա ընթացքում կամ դառնում են անպիտան, կամ ունենում են վերանորոգման կարիք: Եվ կառավարությունը ստիպված է լինում նորից վարկ վերցնել: Եթե մենք կառուցենք Վանաձորի բոլոր ճանապարհներն էլ, Վանաձորի բնակչությունը չի դադարի անկում ունենալ:

Չի եղել որեւէ լուրջ ներդրում քաղաքում եւ այս պահի տվյալներով էլ չունենք նախադրյալներ, որ կունենանք»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031