Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյան. «Մեր հայրենակիցները պետք է որոշեն՝ ընտրում են ուժի, որը զբաղվում է կոնկրետ աշխատանքով եւ միայն ռեալ արդյունք ստանում, թե էլի ընտրում են ուժերի, որոնք հազարավոր բառեր են ասելու ու վերջում կառուցեն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ»

Օգոստոս 17,2025 15:33

«Մեր քաղաքական թիմը երկրին առաջարկելու է նոր զարգացման ուղի: Ընտրվում է ռեգիոնը եւ այդ ռեգիոնի հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերության զարգացման ծրագիր: Սկսել ենք Վանաձորից: Նաեւ ներկայացնելու ենք մեր երկրի մեծ քաղաքները եւ ինչ արդյունաբերական ծրագրեր ենք առաջարկելու այդ քաղաքների համար:

Սովետական ժամանակ Վանաձորում կար 33 հազար աշխատատեղ միայն արդյունաբերության մեջ: Այսօր կա երեք հիմնական գործարան, որ դեռ աշխատում է. «Գլորիա» կարի ֆաբրիկան, որտեղ աշխատում է 2500 մարդ, «Իտեքսը»՝ մոտ 1800 մարդ եւ «Սարտուն» կարի ֆաբրիկան, որտեղ աշխատում է 300 մարդ: Այսինքն, Վանաձորում վերջին 30 տարվա ընթացքում մեր երկրի այսքան միլիարդանոց պարտքերի մեջ, այսքան ներգրավված վարկերի մեջ, նախարարների եւ փոխնախարարների այսքան փոփոխությունների մեջ ընդամենը երեք մեծ գործարան է կառուցվել, որից այս պահին ամենամեծը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան, միշտ պետության կողմից ճնշման տակ է եղել եւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենն ու ղեկավարը նույնպես ձերբակալվել ու կալանավորվել է այս իշխանության կողմից:

Երկրի երրորդ քաղաքի գլխավոր աշխատատեղ ստեղծողը, որը 2500 մարդու աշխատանքով է ապահովում, կալանավորվել է ինչ-որ աննշան գործով: Սա մի օրինակ է: Բայց կան հարյուրավոր օրինակներ, թե ինչ է տեղի ունենում վերջին ժամանակաշրջանում եւ ինչպես դա բացասաբար կարող է ազդել երկրի տնտեսվարողների վրա: Եթե դու երկրի երրորդ ամենամեծ քաղաքի միակ աշխատատեղ ստեղծողներին կալանավորում ես, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն:

Հիմա պատմեմ, թե ինչ առաջարկ ունենք մենք: Այդ առաջարկի անունը միջազգային բարդ տերմինով կոչվում է «ինդուստրիալիզացիա»: Մենք ասում ենք «արդյունաբերականացում»: Հայաստանի արդյունաբերականացումը այլընտրանք չունի: Հայաստանը ունեցել է արդյունաբերական շատ լուրջ պոտենցիալ, բայց Սովետական Միության քանդվելու պարագայում անցումը շուկայական տնտեսության շատ բարդ է ընթացել: Եղել են սահմանների խնդիրներ, երկիրն ունեցել է էներգետիկ պրոբլեմներ եւ մեր արդյունաբերական ամբողջ պոտենցիալը ոչնչացվել է: Իսկ վերջին տարիների ընթացքում մենք ոչ թե փորձել ենք վերակենդանացնել մեր արդյունաբերությունը, այլ փորձել ենք ինչ-ինչ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով պահել մարդկանց, ապահովել նրանց զբաղվածությունը:

Սիրելի կիրովականցիներ,

Ձեր քաղաքը չի կարող բնակչության անկում չունենալ, չի կարող զարգացում ունենալ, եթե քաղաքում չեն կառուցվում գործարաններ: Այսօր 77 հազար մարդ է ապրում այստեղ, յոթ տարի առաջ 80 հազար էր: Ես ձեզ վստահեցնում եմ. յոթ տարի հետո ապրելու է 74 հազար մարդ եւ բնակչության թիվը անընդհատ իջնելու է: Մարզային քաղաքների բնակչությունը եւ տնտեսությունը ակտիվացնելու միակ ձեւը գործարաններն են: Կա գործարան Վանաձորում՝ կա Վանաձորը:

Այն երկիրը, որը տարեկան ներգրավում է $ 1,5 միլիարդ վարկ, այդ միջոցները պետք է ուղղի ոչ թե  միանգամից ճանապարհ կառուցելուն կամ միանգամից ոստիկանական  ուժերի ֆինանսավորումը ավելացնելուն, ինչը եւս կարեւոր է, այլ պետք է ներդրումներ կատարի արդյունաբերական գործարանների, հիմնարկների մեջ, դրանք պետք է վճարեն հարկեր ու այդ հարկերով կառուցվեն ճանապարհները եւ որպեսզի հարկերը մշտական լինեն եւ ճանապարհների բարվոք վիճակը չլինի կետային, այլ լինի երկարաժամկետ:

Վանաձոր քաղաքը զարգացել է «Քիմպրոմի» պոտենցիալի հիման վրա: «Քիմպրոմը» արտադրում էր 188 հազար տոննա պարարտանյութ: Այսօր Հայաստանը 45 հազար տոննա պարարտանյութ է ներմուծում:

Մեր առաջարկն է՝ ներդրում կատարել պետություն-մասնավոր համագործակցությամբ եւ վերականգնել պարարտանյութերի գործարանը: Մեր հարեւան Վրաստանը Վանաձորից  տանելով սարքավորումներ, այսօր արտադրում է այդ պարարտանյութը: Եվ մեր գյուղացիները պարարտանյութը գնում են Վրաստանից ու Իրանից:

Ինդուստրիալ առաջին ծրագիրը, որ առաջարկում ենք Վանաձորի համար, քիմիական պարարտանյութերի գործարանի վերականգնում: Կա պահանջարկ Հայաստանում, կան ֆինանսական միջոցներ, որ ուղղվում են ուրիշ տեղ: Մենք տեսնում ենք, որ այս նախագիծը հնարավոր է իրականացնել: Սակայն ուզում ենք շեշտել, որ դա չի լինելու մեր քաղաքական ուժի հաջողության հասնելու մյուս օրվանից: Յուրաքանչյուր գործարան, յուրաքանչյուր նախագիծ ժամանակատար պրոցես է եւ շուրջ 1,5-2 տարի պահանջում է միայն տեխնիկական նախապատրաստությունները կազմակերպելու համար: Սակայն կարող եմ վստահեցնել, որ այս նախագիծը կիրականանա հինգ տարվա ընթացքում, եթե Հայաստանում լինի պրոֆեսիոնալ ուժի կառավարում»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Նա խոսեց նաեւ երկրորդ ծրագրի մասին, որն ավելի մասշտաբային է եւ կարող է ուղղակի Լոռու մարզը հանել զարգացման նոր մակարդակի վրա: «Սա եւս հետաքրքիր նախագիծ  է, որի հիմքը նույնպես ներմուծումն է: Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ կես միլիարդ դոլարի նավթամթերք՝ բենզին, դիզելային վառելիք, բիտում՝ ասֆալտի համար, կերոսին՝ ինքնաթիռների համար: Որպեսզի երկրում կարողանաս արտադրել այդ ապրանքները, պետք է ունենաս նավթամթերքի մեծ գործարան: Նավթամթերքի գործարանն ունի մեկ առանձնահատկություն. չես կարող արտադրել միայն բենզին, միայն դիզել կամ միայն բիտում: Դու պետք է արտադրես ամբողջ ցիկլը:

Վանաձորը, քանի որ ունի քիմիական արտադրության բավականին մեծ ներուժ եւ երկաթուղով կապված է Բաթումիի, Փոթիի նավահանգիստների հետ, կարող է դառնալ Հայաստանի նավթարդյունաբերության վերամշակման կենտրոնը: Հայաստանը տարեկան $ 500 մլն.-ի նավթամթերք է ներմուծում, սակայն եթե վերածում ենք «հում նավթի», դա տարեկան ընդամենը $ 250 մլն.-ի «հում նավթ» է: Մնացողն արդեն գործարանի շրջանառությունն է: Սա կլինի Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկը եւ հեղափոխական կլինի Լոռվա մարզի եւ մարզկենտրոն Վանաձորի համար:

Հարգելի վանաձորցիներ, հարգելի կիրովականցիներ,

Իմացեք, որ ինչ կառավարություն, ինչ քաղաքապետ էլ փոխվի, այդ մարդիկ իրենց հնարավորությունների մաքսիմումով էլ չեն կարողանալու լուծել քաղաքի գլխավոր հարցը, աշխատատեղերի, աղքատության հարցը: Միակ լուծումը արդյունաբերության վերականգնումն է, միակ լուծողը այն մարդիկ են, որոնք փորձ ունեն գործարան կառուցվելու, արդյունաբերության հետ աշխատելու, տնտեսություն ղեկավարելու: Ամենայն հարգանքով բոլորի անցած ճանապարհի հանդեպ, կուզենայի, հաշվի առնենք, որ այսօրվա կառավարության տնտեսության պատասխանատուն չունի այդ փորձը, չունի այն գործիքակազմը, որ կարողանա Հայաստանին բերել արդյունաբերականացում:

Մենք բազում անգամներ անցել ենք այդ ճանապարհը, հասկանում ենք, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, գիտենք՝ ինչպես ներգրավել միջոցներ եւ գիտենք ինչպես կառուցել»:

Նարեկ Կարապետյանը դիմելով վանաձորցիներին ու լոռեցիներին, հետեւաբար, նաեւ ողջ հանրությանը, ասաց. «Մեր հայրենակիցները պետք է որոշեն, թե արդյոք ընտրում են մի ուժի, որը զբաղվում է կոնկրետ աշխատանքով, թողնում է իզուր խոսելու արվեստը եւ իր ժամանակը ներդնում է միայն ռեալ արդյունք ստանալու մեջ, կամ էլի ընտրում են քաղաքական ուժերի, որոնք հազարավոր բառեր են ասելու, վերջում կառուցելու են մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ, վերականգնելու են մի քանի դպրոց, ինչի համար շնորհակալ ենք, բայց մարդկանց չեն ապահովելու աշխատանքով եւ քաղաքները թողնելու են անկում ունեցող տնտեսությունով»,-ասաց «Մեր ձեւով» քաղաքական նոր ուժի ներկայացուցիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031