«Ամսի 8-ի կեսգիշերին ստացվեց ահազանգ, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 4 հասցեում՝ աղբի տեղադրման վայրում: Անմիջապես աշխատանքներին արձագանքել է փրկարար ծառայությունը՝ մեծ ռեսուրսով: Ամսի 9-ի առավոտյան կրակը մարվել էր ամբողջությամբ»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին Տիգրան Ավինյանին մանրամասներ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Նա ասաց, որ հրդեհի ծավալը 5 հեկտար էր, սակայն աղբավայրն ամբողջ ծավալով էր ծխում: Արեյանը հավելեց, որ քաղաքապետի հանձնարարականից հետո մոբիլիզացվել են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները, 12 վարչական շրջաններ 9 օր շարունակ մասնակցել են աշխատանքներին՝ բոլոր ռեսուրսներով, նաեւ դիմել են մասնավոր ընկերությունների: Քաղաքապետի խորհրդականը շեշտեց, որ օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, տարածքը հողի ծածկույթով լցնելու համար պահանջվել է 9 օր, կիրակի օրվա դրությամբ ամբողջ տարածքը ծածկվել է հողով, ծուխը վերացել է:
«9 օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող, մնացել են փոքր բաներ, աշխատանքները շարունակվում են»,-հավելեց քաղաքապետի խորհրդականը: Ասաց, որ վտանգը վերացված է:
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունը՝ ամբողջական տեսանյութով
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ