Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ մանրամասներ Էլվինա Մակարյանի մասին. երգչուհու 75-ամյակը յուրատիպ նշվեց

Օգոստոս 18,2025 11:26

Ճանաչված երգչուհի, բազմաթիվ հրաշալի երգերի հեղինակ Էլվինա Մակարյանի ծննդյան 75-ամյակը Երեւանում՝ Երգի թատրոնում նշվեց «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ» համերգ-մենաներկայացմամբ, որը բեմադրել է ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ Ռուզան Մինասյանի սցենարի հիման վրա: Արթուր Սահակյանի ձեւակերպմամբ, դերարար ու յուրահատուկ երգչուհի Իլոնա Սագիեւան հրաշալի է մարմնավորել անմահ Էլվինա Մակարյանին: Ստեղծագործական ողջ կազմը՝ ներառյալ դաշնակահար Արեգ Առուստամյանը, զգեստների նկարիչ Լուսինե Կարապետյանը եւ գրաֆիկ դիզայներ Սերյոժա Օհանջանյանը ամեն ինչ արել էին, որ համերգ-մենաներկայացումը յուրօրինակ հուշարձան դառնա հզոր ձայնով երգչուհու համար, որը ժամանակին դառնացած հեռացավ Հայաստանից ու իր պաշտելի Երեւանից, երգչուհի, որին բամբասում էին, խանդում, խանգարում մեծագույն տաղանդի պատճառով: Ռեժիսոր Արթուր Սահակյանը շատ նուրբ էր աշխատել սցենարի հետ, որտեղ երգչուհու անձնական կյանքի մանրամասներ կային՝ դրանք ներդաշնակելով տաղանդավոր երգչուհի Իլոնա Սագիեւայի կատարումների հետ: Այդ երգերը պիտի հնչեին Էլվինայի կատարմամբ՝ ծրագրված, բայց այդպես էլ ինչ-ինչ պատճառներով չկայացած համերգի ժամանակ: 2007 թ. մայիսի 30-ին պետք է համերգը լիներ օպերայում՝ ջազ բենդի հետ, բայց չկայացավ, իսկ հուլիսի 9-ին Էլվինա Մակարյանը հեռացավ այս մեղավոր աշխարհից:

 

Ներկայացման «բանալին» Էլվինա Մակարյանի վերջին ձայնային հաղորդագրությունն էր՝ ուղարկված համերգի բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանին: Հենց այդ վերջին ձայնագրությունն էր օգտագործվել ներկայացման մեջ:

Արթուր Սահակյանն ասում է՝ այս մենաներկայացում-համերգն ասես հոգու պարտք լինի, որ որոշեցին իրականացնել , նաեւ իրենց աջակցած մարդիկ են նպաստել գաղափարի իրականացմանը՝ «Էլվինայի խաթեր»: Ուրախ է, որ Աստծո կամոք ներկայացումը կայացավ երգչուհու ծննդյան օրը: «Ես Էլվինայի հետ կյանքումս 2 անգամ էի հանդիպել, երրորդ անգամ պետք է հանդիպեինք այս համերգի առնչությամբ, բայց չհանդիպեցինք, համերգը չկայացավ, չստացվեց: 2 անգամ եմ հանդիպել, բայց նա ինձ համար հարազատ մարդ է, ես շատ ծանր եմ տանում այս հուզմունքը… Այսօր ուղղակի ներկայացման շնորհանդեսն էր, հաջորդը հավանաբար սեպտեմբերի 12-ին կլինի: Մենք ուզեցինք իր մտերիմների հետ հանդիպել այս անգամ: Երեւանում շատ արձաններ են դրվել, այս արձանն էլ թող լինի ներկայացման տեսքով: Այս ներկայացումը թող մեզ հպարտություն պարգեի, որ ունեցել ենք նման արտիստ»,- նշեց Արթուր Սահակյանը:

Իլոնա Սագիեւայի խոսքով այս համերգն առանձնահատուկ էր՝ Էլվինայի մասին բարձրաձայնելու, նրա հոգեվիճակը, ապրումները ավելի շատ շեշտադրված եւ իր երգերի ու կենսագրության հետ համադրված ներկայացնելու առումով: «Սցենարը սովորելիս հուզվում էի, ամեն երգը երգելիս լաց էի լինում, մենք բնավորությամբ շատ նման ենք, ես էլ եմ ճակատային եւ գիտեմ, թե ինչ դժվար է այդպես ապրելը, պատեր ջարդելը: Էլվինայի գույնն անհրաժեշտ է բոլորիս, անգամ իր բացակայության դեպքում իր գույնը մնալու է՝ ի հեճուկս այն մարդկանց, որոնք ժամանակին նրա առաջ դռներ էին փակում: Ես միշտ երազել եմ մեծ բեմերի մասին, ու երբ երազում ես, լինում է, իհարկե այս գնով չէի ցանկանա մարմնավորել իր կերպարը: Ցավում եմ, որ մարդիկ արվեստագետներին լքում են, վռնդում, փոխանակ նրանց գնահատելու կենդանության օրոք…Դիմում եմ այն մարդկանց, որոնք ասում են, թե ինչքան էլ ուզեմ, Էլվինա չեմ դառնա: Իհարկե, չեմ դառնա, ես չեմ ուզում նմանվել իրեն, ինքը հանճարեղ էր, ես ունեմ իմ գույնը, ինքն՝ իր…»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նա կրում էր Էլվինա Մակարյանի՝ իր համար թալիսման դարձած խաչով կրծքազարդը, որը նվիրել է Արթուր Սահակյանը, իսկ Արթուրին՝ Էլվինա Մակարյանը: Էլվինան իր ձեռքով էր այն գործել:

«Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը Էլվինա Մակարյանի մտերիմներից է եղել: Նա պատմեց անցյալ տարի Իլոնա Սագիեւայի մասնակցությամբ Գաֆեսճյան կենտրոնում կայացած համերգի մասին, որը նվիրված էր Էլվինա Մակարյանի հիշատակին, որտեղ բեմ է բարձրացել, փոքր հուշ պատմել ու միացրել 30-ամյա վաղեմություն ունեցող ձայնագրությունը: Այնտեղ է եղել նաեւ ռեժիսոր Արթուր Սահակյանը, որը հետագայում հորդորել է հուշերը թղթին հանձնել:

«Ես միշտ վախենում եմ հուշերը մարդկանց տալուց, որովհետեւ հուշագրության մեջ սարսափելի պատասխանատվություն կա, եւ վախը մեծության հանդեպ թույլ չի տալիս շահարկել մտերմությունը»,-ասում է Ռուզան Մինասյանը:

Հավելում է, որ երկու հարցազրույց ունի Էլվինա Մակարյանի հետ, դրանցից առաջինը 1989թ հրապարակվել է «Ավանգարդ» թերթում՝ «Լռության մեծ աղմուկը» վերնագրով, երկրորդը «Յարո ջան» երգի հետ էր կապված, երբ խախտվել էին երգչուհու հեղինակային իրավունքները: Այնուհետեւ գրել է սցենարը, հետո մասնակցել ներկայացման փորձերին: Շնորհակալ է, որ ռեժիսորը հուշագրություն-սցենարից կարողացել է նման հուզումնառատ ու ազդեցիկ ներկայացում ստանալ:

«Արթուրը Իլոնայի համար օգտագործել է դերարար ձեւակերպումը, Իլոնան այս դեպքում իրապես դերն արարեց, ոչ թե կատարեց: Շնորհակալ եմ նաեւ Արթուրին, որ ճիշտ լուծում էր գտել: Շատ գոհ եմ, որ Էլվինա Մակարյանի ծննդյան 75-ամյակը պատշաճ նշվեց, եւ ես այն զգացողությունն ունեի, որ ինքը սկզբից մինչեւ վերջ մասնակցեց իր տարեդարձին, դրա համար ես ասում եմ՝ շնորհավոր թանկ ներկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Էլվինա Մակարյանի ընտանիքի անդամները՝ քույրը Լիանա Մակարյանը եւ ամուսինը՝ Սամվել Մկրտչյանը, դուստրը՝ Զարուհ Միքայելյանը եւ ամուսինը ՝ Հրաչ Դավիդյանը, թոռները՝ Մարտին, Ալեն, Էնջի, Ջանի Դավիդյանները եւ ընտանիքի անդամներից Աննա Բալթայան-Ավանեսյանը ձայնային հաղորդագրություն էին ուղարկել ներկայացման ստեղծագործական կազմին ու երախտագիտություն հայտնել երգչուհու ծննդյան օրը գեղեցիկ նշելու ու հիշատակը վառ պահելու համար: Նրանք նշել էին, որ Էլվինան շնչում ու ոգեշնչվում էր իր հայրենիքով, պարծենում ՝ իր հայ ժողովրդով եւ հայի զավակ լինելով: Նրա երազանքն էր, որ գալիք սերունդները ծանոթ լինեն իր բարձր արվեստին, երաժշտական ճաշակին, որի համար այդքան պայքարել է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031