Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև վաղուց էր խոսվում նախագահ Փեզեշքյանի այցի մասին, բայց «Թրամփյան ուղի» նախագծի շրջանակներում դա ավելի է կարևորվում

Օգոստոս 18,2025 12:03

Այսօր՝ երկուշաբթի, Հայաստան է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ-ի) նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքյանը։ Պրն Փեզեշքյանն ԻԻՀ-ի չորրորդ նախագահն է, որ Երևան է այցելում․ նրանից առաջ Հայաստան են այցելել նախագահներ Խաթամին, Ահմադի Նեժադը և Ռոհանին։ Հայաստանն ու Իրանը ունեն բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ․ թեև վաղուց էր խոսվում նախագահ Փեզեշքյանի այցի մասին, բայց ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների և «Թրամփյան ուղի» նախագծի շրջանակներում՝ դա ավելի է կարևորվում․ չի բացառվում նաև, որ իրանցիները դա առաջաձգել են։ Փեզեշքյանը Հայաստանից հետո Բելառուս է մեկնելու։

Նախագահի պաշտոնում սա պրն Փեզեշքյանի 13-րդ արտասահմանյան ճամփորդությունն է․ ԻԻՀ-ի նախագահն իր ընտրական ծրագրում խոստացել էր սերտացնել հարաբերությունները հարևանների և տարածաշրջանի երկրների հետ։ Նա մինչ այժմ այցելել է Իրաք, Քաթար, Թուրքմենիա, Տաջիկստան, Եգիպտոս, Օման, Պակիստան, Ռուսաստան (երկու անգամ), Ադրբեջան (երկու անգամ) և Միավորված Ազգերի Կազմակերպություն (Նյու Յորք)։

*Մասուդ Փեզեշքյանը ծնվել է 1954 թվականին քրդաբնակ Մահաբադ քաղաքում, ունի հինգ քույր-եղբայր։ Նրա թյուրքախոս հայրը և քուրդ մայրը եղել են Ուրմիա քաղաքի բնակիչներ և աշխատանքի բերումով տեղափոխվել են Մահաբադ։ Փեզեշքյանը նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել է Ուրմիա։ Բարձրագույն ուսման է հետևել Թավրիզ քաղաքում․ ավարտել է Թավրիզի և Թեհրանի Բժշկական համալսարանները, ապա մասնագիտացել է ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում՝ դառնալով սրտաբան։

Փեզեշքյանը Իսլամական հեղափոխության օրերից եղել է պայքարի առաջին շարքերում․ Թավրիզի համալսարանում հիմնել է ուսանողական բջիջներ, պայքարել է իսլամական արժեքների տարածման համար։ Մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին, նշանակվել է Թավրիզի բժշկական համալսարանի ռեկտոր (1994-2000 թ․), իսկ բարեփոխական նախագահ Խաթամիի հրավերով դարձել է Առողջապահության նախարար (2001-2005 թ․)։

Պրն Փեզեշքյանը 2007 թվականից սկսյալ հինգ շրջան անընդմեջ ընտրվել է որպես իսլամական Խորհրդարանի պատգամավոր՝ Թավրիզ ընտրական տեղամասից։ 2015 թվականին ընտրվել է Խորհրդարանի նախագահի տեղակալ․ հենց այդ շրջանում հիմնել է թյուրքախոս պատգամավորների ֆրակցիա՝ հարյուր անդամով։ Նրանց այդ քայլն արժանացել է մի խումբ մտավորականների քննադատության։

Մասուդ Փեզեշքյանն առաջին անգամ փորձել է հանրապետության նախագահ դառնալ 2013 թվականին, բայց հետո հրաժարվել է հօգուտ իր թիմակից Ռաֆսանջանիի։ Հաջորդ անգամ որպես թեկնածու գրանցվել է 2021 թ․ նախագահական ընտրություններին, բայց նրա թեկնածությունը մերժել է Սահմանադրության Պահապան Խորհուրդը։ Փեզեշքյանը նախագահ Ռայիսիի մահվանից հետո դարձյալ գրանցվեց որպես նախագահական ընտրությունների թեկնածու․ այս անգամ հաստատվեց նրա թեկնածությունը և նա 2024 թվականին ընտրվեց որպես ԻԻՀ-ի 9-րդ նախագահ։ Պրն Փեզեշքյանը հավաքեց 16 միլիոն ձայն, երեք միլիոնով առաջ անցնելով իր հիմնական մրցակից պրն Ջալիլիից։

Փեզեշքյանի հաղթանակն անսպասելի էր․ փորձագետների կարծիքով իշխանությունները արտոնեցին Փեզեշքյանի թեկնածությունը՝ նրա բարեփոխականի համբավ ունենալու և թյուրքախոս լինելու համար, այն հույսով, որ ընտրություններում աշխուժություն կմտցվի, բայց վերջում կընտրվի կոշտ գծի հետևորդ Ջալիլին։ Պետք է հիշել, որ Թեհրանում արդեն լսում էին Թրամփի վերադարձի ոտնաձայնը։

Նախագահ Փեզեշքյանը իր 14-ամսյա գործունեության ընթացքում դեռևս որևէ շոշափելի հաջողության չի հասել․ նրա ժամանակ էր, որ ծայր առավ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմը և ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանի միջուկային կենտրոնները։ Իրանի ազգային արժույթը գահավեժ ընթացքով արժեզրկվեց, տնտեսությունն անկում է ապրում։ Պրն Փեզեշքյանն հայտնի է իր հակասական արտահայտություններով․ նա չունի դիվանագիտության փորձ և իր անմիջական ու անկեղծ խոսքերը երբեմն խնդիրներ են ստեղծում։

Փեզեշքյանին քննադատեցին հատկապես Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ, երբ նա ներկայացնելով Իրանի նման հզոր ու պատմություն կերտած մի երկիր՝ Ալիևի մոտենալու ժամանակ ոտքի կանգնեց․ դա այն դեպքում, երբ Փեզեշքյանի կողքին նստած ոչ մի նախագահ ոտքի չկանգնեց։

Փեզեշքյանը տիրապետում է պարսկերեն, ադրբեջաներեն, քրդերեն, արաբերեն և անգլերեն լեզուներին։ Իր ապագա կնոջ՝ Ֆաթմայի հետ ծանոթացել է համալսարանական պայքարի օրերին․ բախտավորվել են չորս զավակով։ Փեզեշքյանը 1994 թվականին ավտովթարի պատճառով ցավոք կորցնում է իր կնոջն ու մեկ զավակին․ նա ընտանեկան այդ դժբախտությունից հետո նորից չի ամուսնացել։ Փորձագետների կարծիքով ընտանեկան հավատարմությունը նպաստել է նաև պրն Փեզեշքյանի ժողովրդական հեղինակությանը։ ԻԻՀ նախագահին հաճախ ուղեկցում է իր միակ դուստրը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031