«Փաստինֆո». Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որն արդեն 62 օր է, ինչ անազատության մեջ է, նոր հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումով գործարարը դատարանից պահանջում է պարտավորեցնել Բաղդասարյանին՝ հրապարակային ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից և հօգուտ գործարարի բռնագանձել 3 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։
Նշենք, որ սա գործարարի ներկայացրած արդեն 15-րդ հայցն է՝ զրպարտության և վիրավորանքի համար, իսկ Ռոման Բաղդասարյանի դեմ արդեն երրորդ հայցադիմումն է։ Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանի, Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյան դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և ներողություն խնդրել՝ վիրավորանքի համար։ Առանձին հայց ներկայացվել է նաև ՔՊ կուսակցության դեմ։ Յուրաքանչյուր հայցով բարձրացվում է նաև բարոյական փոխհատուցման հարց։ Որոշ հայցերի շրջանակներում նաև հայցի ապահովման միջոցներ են կիրառվել։ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքի վրա դատարանն արգելանք է դրել՝ 9 մլն դրամի չափով։
Իզաբել Սահակյան