Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներկայացրել է Հայաստան և Բելառուս առաջիկա այցերի ընթացքում իր առաջնահերթությունները, հայտնում է Mehrnews-ը։ Նա հայտարարել է, որ կկենտրոնանա իրանական մասնավոր ընկերությունների դերի բարձրացման և նախկինում կնքված համաձայնագրերի, մասնավորապես՝ համատեղ ներդրումային նախագծերի, առաջխաղացման վրա:
ԻԻՀ նախագահն այս հայտարարությունն արել է կիրակի օրը՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են Իրանի և Բելառուսի հարաբերությունները։ Նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ քննարկումները կենտրոնացել են հիմնական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության, հնարավոր համագործակցության վրա։ Պաշտոնյաները բացահայտել են համագործակցության հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները և քննարկել դրանց լուծման ռազմավարությունները։
Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված տրանսպորտային համաձայնագիրը՝ Իրանի ազգային շահերի պահպանման շեշտադրմամբ։
Քննարկվել են նաև Իրանի և Հայաստանի, Իրանի և Բելառուսի միջև կնքվող համագործակցության համաձայնագրերն ու հուշագրերը՝ դրանք ժամանակին իրականացնելու նպատակով:
Կարդացեք նաև
Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանային համագործակցությունը և ամրապնդելու հարևան երկրների հետ կապերը՝ կառուցողական ներգրավվածության և փոխադարձ օգուտների միջոցով։