«Հավատացյալները Գյումրիում շատ տխուր են, տեսնում ենք, որ առաջվա ուրախությունն ու ժպիտը չկա, բոլորն էլ սպասում են իրենց առաջնորդին, իրենց հոգեւոր հովվին։ Ի՞նչ տրամադրություն պետք է ունենա հավատացյալը, երբ իր հոգեւոր հովիվը ձերբակալված է, ձերբակալված է հոգեւորական, մեր լավագույն հոգեւորականներից մեկը։ Եվ ձերբակալված է մի երկրում, որը համարվում է առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր։ Սա մեր ազգային խայտառակությունն է, որի մեջ բոլորս ենք մեղավոր՝ եւ ժողովուրդը, եւ իշխանությունը։ Եթե մտածում ենք, որ այս ամենի մեջ միայն իշխանությունն է մեղավոր, մեծ սխալ է, որովհետեւ եթե միայն իշխանությունը մեղավոր լիներ, իշխանությունը չէր կարող այս աստիճանի ապօրինություն գործել եւ անպատիժ մնալ»,-Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Արտաշես սարկավագ Աջապահյանը։ Նա քաղաքական պատվեր որակեց այս գործը։
Արտաշես սարկավագ Աջապահյանը նշեց, որ սա հոգեւոր կտտանք է, հոգեւոր ճնշում է Միքայել սրբազանի վրա՝ որպես քաղաքացի իր հայտնած դիրքորոշման համար։ «Փաստաբանները շատ լավ ներկայացրել են, որ իր արարքի մեջ հանցակազմ չկա։ Ցավոք սրտի, մենք չտեսանք դատավարություն, որտեղ հակափաստարկներ կլինեին փաստաբանների կողմից ներկայացված փաստերին։ Պարզապես վճիռներ են, իսկ տակը հիմքեր չկան»,- հավելեց նա։
Արտաշես սարկավագ Աջապահյանը խորհուրդ տվեց ՔՊ-ականներին ուսումնասիրել հայոց պատմությունը, եւ կտեսնեն, որ եկեղեցականները միշտ էլ զբաղվել են ազգային հարցերով։ Իսկ սա, նրա խոսքով, ազգային հարց է, բայց իշխանություններն ազգային հարցերի անունը դնում են «քաղաքականություն» եւ հոգեւորականներին ասում, թե նրանց արգելված է զբաղվել այդ հարցերով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ