«Ամեն մի շփում մեր դատական, իրավական համակարգի հետ ավելի խորացնում է իմ հիասթափությունը։ Կա մեկը, որը եթերում սիրում է Սաղմոս ասել, Սաղմոսներից մեջբերում անել։ Ես իրեն եւ ձեզ կհիշեցնեմ հետեւյալ Սաղմոսը՝ դատիր, Տեր, նրանց, ովքեր ինձ դատում են»,- իր գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին դիմեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նշենք, որ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։
«Ես ձեր դատապարտությունից չեմ վախենում, ես ի վերջո արդարացվելու եմ, այսօր չլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր։ Եվ ձեր սերունդները մնալու են մեղավոր, դուք ամաչելու եք ձեր սերունդների առաջ, դուք մայր եք, ձեր զավակների առաջ ամաչելու եք։ Իմ ձերբակալությունն այս իշխանությունների խարանն ու խայտառակությունն է, բայց ես չեմ հասկանում՝ ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը։ Սա է, որ ինձ համար մեծագույն դժբախտություն է, ես ցավում եմ ձեզ համար, ինչպես հոգեւորականը կցավի ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում։ Թարգեք այս սխալը, չեք կարող, կհատուցեք»,- ասաց Միքայել սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ