Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեյցարիայում ես եղա մի սպանդանոցում, որտեղ կենդանիներին մորթվելու էին տանում Շոպենի սիմֆոնիայի հնչյունների տակ». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանի եւ Հայաստանում կազմակերպվող համերգների մասին

Օգոստոս 18,2025 17:41

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իր իսկ խոսքով ասած՝ մի քանի արձակուրդներից վերադարձած Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե Հայաստանում տեղի է ունեցել երեք համերգ, որոնց մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, ինչը ցույց է տալիս իրական Հայաստանի իրական կյանքի ցնծությունը, ասաց. «Նախ, հիշեցնեմ, որ հիմա փորձ է արվում ներկայացնել, որ մեր ժողովուրդը պրոբլեմ չունի, որ մեր ժողովուրդը այնքան երջանիկ է, այնքան է վստահում Նիկոլի այս խայտառակ քաղաքականությանը, որ ամբողջ օրը համերգ է գնում:

Ժողովուրդը համերգ գնացել է միշտ: Հիշեք, թե նախկինում ինչ լեփ-լեցուն դահլիճներում էին անցնում Ազնավուրի, Խորխե Բուկայի, Յուրի Բաշմետի համերգները: Բնականաբար, ինքը պետք է համերգները ներկայացնի որպես իր ձեռքբերում: Լավ է, չի ասում՝ այսօր առավոտյան արեւը դուրս է եկել, ջերմաստիճանն էլ 5 աստիճան տաքացել է ու դա ես եմ արել: Երեւի մի օր Նիկոլի գրպանի սազանդարները «Այսքան ուրախ կյանքը մեզ Լենին պապին է տվել» երգի պես պիտի գրեն. «Այսքան ուրախ կյանքը մեզ Նիկոլ Փաշինյանն է տվել»:

Նիկոլ Փաշինյանը ուզում է ներկայացնել, որ եթե մեր ժողովուրդը պրոբլեմ ունենար, ժողովուրդը դեմ լիներ այս հանձնողական քաղաքականությանը, այդ համերգներին չէր գնա: Համերգներ գնում է հասարակության շատ չնչին տոկոսը: Ասենք, երեք միլիոնից 91 հազարը երեք անգամ համերգ է գնացել, իսկ այն 2 միլիոն 700 հազարը, Նիկոլ, չի կիսում քո հրճվանքը: Փաստորեն, մենք գալիս ենք մի եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Հայաստանի գաղափարախոսությունը «կայֆիզմն» է, Փաշինյանն ասում է՝ ոչ մի բանի մասին մի մտածեք, կայֆ ստացեք, անջատեք ձեր անվտանգության բարձիկները եւ ամեն ինչ լավ է լինելու:

Ես նորից պիտի ասեմ. Շվեյցարիայում ինձ տարան մի սպանդանոց, որտեղ կենդանիներին մորթվելու էին տանում Շոպենի սիմֆոնիայի տակ, որպեսզի նրանք չզգային իրենց վերջին րոպեները: Հիմա, երբ զոհասեղանին դրված է Սյունիքը, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այսպես՝ համերգներով, տժժիկներով, կայֆերով կայֆիզմը որպես նոր, նիկոլական Հայաստանի գաղափարախոսություն հռչակելով՝ ամբողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանը տանում է սպանդանոց»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Խոսելով փաշինյանական «նոր Հայաստանի» իրական պատկերի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց 2025 թվականի առաջին վեց ամսվա ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի վիճակագրությունը: «Կատաստրոֆա: 465 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպք: Սա Նիկոլի տժժալու Հայաստանի, կայֆերի Հայաստանի իրական պատկերն է: Մեծ մասը տղամարդիկ են եւ մեծ մասը երիտասարդներ են, որովհետեւ կայֆիզմի Հայաստանում նրանց գերակշիռ մեծամասնությունը նստած է նարկոտիկների, տարբեր բուքմեյքերական ընկերությունների, տարբեր տոտալիզատորների վրա:

Այսօր արցախցի մեր ընկերները ամփոփեցին, թե պատերազմից հետո ինչքան է վնասվել Արցախի մշակութային ժառանգությունը: Թիվ եմ ներկայացնում: Առ այս պահը Արցախի եկեղեցիների, սրբավայրերի, խաչքարերի, մշակութային կենտրոնների ոչնչացման արդեն 800 դեպք ունենք: Եվ տեսնում ենք յոնջա ուտող («Հայկական ժամանակ»-ում Նիկոլ Փաշինյանի գործածած ձեւակերպումն է.-խմբ.) միջազգային կառույցների՝ նույն ՅՈԻՆԵՍԿՕ-ի, որը ադրբեջանական նավթային փողերով, ադրբեջանական խավիարով խեղդված կառույց է, լռությունը»,-ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031